Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/569

Այս էջը հաստատված է

նման այլևս ոչ մեկը չկա, ինչպես արեգակն ու լուսինը միակն են երկնքումը, ես կցանկանայի, որ այս պատվական այգումը դու ունենայիր այն երեք առարկաները, որոնք նույնպես մի-մի հատիկ են աշխարհիս երեսին և չունեն իրանց նմանը։ Ահա թե ինչ է պակաս այս այգում, և ինչ կցանկանայի, որ սա ունենար։

Վարդաժպիտ Ֆարիզադան շատ զարմացավ, որ իր այգուն երեք անհամեմատ լավ բաներ են պակաս և ասաց պառավին, — Ողորմած եղիր, բարի մայր իմ, շուտ ասա ինձ, որ ես իմանամ, այդ ի՞նչ երեք անհամեմատ և ինձ անծանոթ բաներ են։ Պառավը պատասխանեց։

— Ո՛վ իմ տիրուհիս, քո գթառատ սրտի հյուրասիրության համար ինձ նման թափառական պառավի, էլ ինչո՞վ կարող եմ ցույց տալ իմ շնորհակալությունս, եթե ոչ հայտնելով քեզ, թե ինչ առարկաների մասին է խոսքս։ Եվ մի փոքր լռելուց հետո պառավն սկսեց.

— Իմացած եղիր, ով իմ տիրուհիս, որ եթե իմ ասած բաներից առաջինը լիներ այս այգիներումր, բոլոր թռչունները կհավաքվեին այստեղ նրան տեսնելու համար և ամենքը միաձայն կերգեին։ Նրա համար, որ բոլոր երգեցիկ թռչունները՝ սոխակները, սարյակները, արտույտները, տատրակները, սևակատարներն ու կարմրակատարները և աշխարհիս բոլոր անհամար թռչունները խոստովանում են նրա գերազանցությունը և գեղեցկությունը։ Դա է, ով իմ տիրուհիս, Հազարան Բուլբուլ՝ խոսող թռչունը։

Երկրորդ անհամեմատ առարկան, ով իմ տիրուհիս, եթե նա լիներ այս այգումը, այնուհետև քամին, որ ծառերին հարկադրում է երգել, կդադարեր, որ ինչ է՝ նրան լսեր, թառի, քնարի ու ջութակի չարերը կկտրվեին այստեղ, բնակարաններում։ Եվ այդ նրա համար, որ այդ ծառերին երգել հարկադրող քամին, թառը, քնարը, ջութակը, ո՛վ իմ տիրուհիս, խոստովանում են նրա կատարելությունը և գեղեցկությունը։ Դա է երգող ծառը։ Ոչ զեփյուռը, որ քնքշությամբ խաղում է տերևների հետ, ոչ բազմաթել քնարները չեն կարող հնչեցնել այնպիսի քաղցր հնչյուններ, որ կարողանան համեմատվել այն խմբական ձայնին, որ առաջ է գալիս հազարավոր անտեսանելի բերաններից, որոնք պարունակում են երգող ծառի տերևներում։

Իսկ երրորդը այդ աննման առարկաներից, ով իմ տիրուհիս, եթե չիներ այս այգիներումը, բոլոր ջրերը կանգ կառնեին, կկրեին