Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/574

Այս էջը հաստատված է

երկարած։ Ձախ ձեռքով նա գցում էր տերողորմյան (համրիչը), իսկ աջը պահած էր անշարժ՝ ճակատի բարձրության հավասար։ Այդ ծերունին անշուշտ մի ճգնավոր էր, աշխարհից հեռացած, ով գիտե, որքան ժամանակ առաջ։

Եվ որովհետև սա առաջին պատահած մարդն էր քսաներորդ օրում, սրա համար արքայազն Ֆարիդը իջավ ձիուց և կապը բռնած մոտեցավ կրոնավորին և ասաց նրան.

— Ողջո՜ւյն քեզ, ո՜վ սուրբ մարդ։

Ծերունին պատասխանեց նույնպես ողջույնով, բայց նրա ձայնն այնպես էր խլացել խիտ ընչացքների ու մորուքի մեջ, որ Ֆարիդը ոչինչ չհասկացավ։

Այդ ժամանակ Ֆարիդը մտածեց, թե ինչպես անեմ, ուրեմն, որ ես հասկանամ սրա ասածը. չէ՞ որ սրա տված հրահանգով պիտի շարունակեմ իմ ճանապարհորդությունս։ Այսպես մտմտալով իր մաղախից հանեց մի մկրատ և մոտենալով ճգնավորին, ասաց.

— Ո՛վ պատվարժան քեռի, թույլ տուր ինձ մի քիչ խնամք տանել քեզ վրա, քանի որ ինքդ ընկղմված լինելով սուրբ մտքերի մեջ, ժամանակ չունիս ուշք դարձնելու քեզ վրա։— Եվ տեսնելով, որ ծերունին հակառակ չէ, Ֆարիդը սկսեց կարգի գցել նրա մորուքը, բեղերը, ունքերը, եղունգները, խուզելով ու կտրատելով նրանց ավելորդ երկարությունը, որով երիտասարդացրեց ծերունուն մի քսան տարով։

Այս ծառայությունն անելուց հետո՝ սափրիչների սովորությունով՝ ասաց.— Անու՜շ, անու՜շ, ցանկանամ զովություն և կենդանություն…

Երբ որ ծերունին թեթևացավ ավելորդ ծանրությունից, մեծ բավականություն զգաց և ժպիտ երևացրեց երեսին։ Եվ հետո էլ խոսեց մանկական ձայնից էլ ավելի պարզ և մաքուր ձայնով և ասաց.

— Թող օրհնություն իջնի քեզ վրա, ո՛վ իմ որդի, այն բարեգործությանդ համար, որ ցույց տվիր զառամած ծերունուս։ Ով կուզի լինիս, ո՛վ առաքինի ճամփորդ, ես պատրաստ եմ օգնելու քեզ իմ փորձովս և խորհրդովս։

Ֆարիդն շտապեց պատասխանել.— Ես եկել եմ հեռու կողմերից՝ որոնելու Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուղ Ջուրը։