Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/576

Այս էջը սրբագրված է

միներից, անդունդներից, այլ կլինին աներևույթ ձայներ: Նրանք կգոռան այնպիսի խոսքեր, որոնցից մարդու արյունը կսառչի երակներումը։ Դու պետք է ուշ չդարձնես, պետք է չլսես այդ ձայները, իսկ եթե վախենաս և ետ նայես, դու կդառնաս այն սև քարերից մեկը, որոնցով լիքն է սարի վերելքը։ Իսկ եթե չես լսիլ նրանց, կբարձրանաս սարի գագաթը, այնտեղ կտեսնես մի վանդակ, միջին թառած Խոսող Թռչունը։ Եվ կասես նրան.— Ողջո՜ւյն քեզ, ո՛վ Հազարան Բուլբուլ։ Որտե՞ղ է Երգող Ծառը, որտե՞ղ է Ոսկեցնցուղ Ջուրը։ Խոսող Թռչունը կպատասախանի քեզ.- Բարով ես եկել...


Այս բոլորը ասելուց հետո, ծերունի կրոնավորը խոր շունչ քաշեց և դրանից հետո լռեց։


Ֆարիդը՝ ծերունու խրատը լսելուց հետո, ձին հեծավ և բոլոր ուժով առաջ նետեց գրանիտե գնդակը և ձին հետևիցը քշեք։ Գրանիտե կարմիր գնդակը գլորվում էր թռչկոտալով։ Կանգ չառնելով ոչ մի խոչ և խութի առջև, Ֆարիդի ձին, որ մի կայծակ էր բոլոր ձիերի միջին, հազիվ էր կարողանում գնդակին հետևել: Այսպես սրարշավ գնացին գնդակն ու ձին, մինչև դիպան սարի առաջին ժայռին։ Այստեղ հանգիստ առավ գնդակը։


Ֆարիդն իջավ ձիուցը և սանձը կապեց գնդակից, ինչպես ասել էր ծերունին։ Ձին կանգ առավ այնտեղ մեխվածի պես, իսկ ինքը սկսեց բարձրանալ սարնիվեր։ Սկզբում ոչինչ չէր տեսնում, բայց քանի վերև գնաց, այնքան ավելացան գետնին փռված սև–սև քարերը։ Ֆարիդը չէր իմանում, որ դրանք իր նման երիտասարդներ են եղել և այդտեղ են քար դարձել մի աներևույք զորության ազդեցությամբ։ Այդ քարերի մոտով բարձրանալիս հանկարծ մի այնպիսի ձայն լսեց, որի նմանը նա չէր լսած իր կյանքումը։ Առաջին գոչյունին հետևեցին այս ու այն կողմից զանազան աղաղակներ, որոնք նմանություն չունեին երկրային աղաղակներին։


Այդ գոռուն-գոչյունը, ինչպես ասել էր ծերունին, նման չէին անապատում փչող հողմերին, նման չէին անդունդներ թափվող ջրվեժներին, նման չէին սելավներից առաջացած, լեռների գագաթներից հոսող ջրհեղեղներին, որոնց և մեն մի կաթիլը, և մեն մի ալիքը իր սեփական ձայնն ունի, և բոլորը լինում է բյուրավոր ձայների մի խառնուրդ։ Այդ ձայներն աներևույթ ձայներ էին: Նրանցից շատերը հարցնում էին.— Ի՞նչ ես ուզում։ Մյուսները - Բռնեցե՛ք դրան։— Սպանեցե՛ք։— Գցեցեք անդունդը։ Շատերն էլ