Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/597

Այս էջը հաստատված է

մտածում, այս պատճառով ինքն ավելի ևս հիմարանում էր և նրանցից ավելի հիմար բաներ ասում։ «Շատ էլ որ ասեմ, թե ես իմաստուն եմ, ով կհավատա», մտածում էր Աներկյուղը. «Լավն այն է, որ գործով ցույց տամ, թե ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։

Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը: Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո երբ այս գիժ համարվածները դաոնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպես նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։

Մեր Աներկյուղը գլխիցը ձեռք վեր առած՝ գնաց հասավ քառասուն հարամիների բնարականը։

Մի ահռելի ժայռի մեջ էր նրանց բնակարանը։ ժայռի մեջը փուչ էր ու բազմաթիվ միջանցքների ու սենյակների պես բաներ կային նրանում։ Հին ժամանակները այդտեղ երկաթահանք էր եղել։ Հանքահանները ժայռը փորելով՝ հանել էին երկաթաքարը, ով գիտե քանի հարյուր տարի, և մեջե մեջ սյուներ թողնելով՝ որ ժայռը վերևից չփլչի, շինել էին ստորլեռնյա ահագին մաղարեք, զաղեք, քարայրներ, որոնցից ամեն մեկը մյուսի հետ միացած էր մի միջանցքով և առանձին ճանապարհով դեպի դուրսը։

Հարամիների համար այդ բնակարանը մի անմատչելի ապաստարան էր։ Պատ և տանիք չուներ, որ քանդեին, ահագին սարին ինչ կարող էին անել, իսկ ներսը մտնել կարող էին միայն հատ֊-հատ, և ո՞վ կհամարձակվեր ինքն իրան քառասուն հարամու բերանը գցել։ Այս պատճառով ահա այդ քառասուն հարամիքը ահ ու սարսափ էին տարածել շրջակա գյուղերի և քաղաքների վրա։ Գազանների պես դուրս էին գալիս իրանց անմատչելի տնից ու հարձակվում էին քարվանների, հոտերի, նախիրների և քաղաքների ու գյուղերի վրա և թալանում, կողոպտում, հափշտակում ամենայն ինչ, մինչև անգամ շատ աղջիկ ու կնիկ, ու բերում լցնում իրանց բնակարանը։

Ահա այս բնակարանը գնաց Աներկյուղը։

Եթե Աներկյուղը ոչ մի երկյուղ չուներ հարամիներից, հարամիքը ավելի ևս երկյուղ չէին ունենալ նրանից ու պիտի ընդունեին իբրև մի անմեղ տղայի, որ դեռ չգիտե, թե աշխարհումս ինչ կա, ինչ չկա: