Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/612

Այս էջը սրբագրված է

Ամառնային աշխատության շատ մեծ օգնություն են անում և մանր երեխեքը, թե՛ տղերք և թե՛ աղջկերք։ Նրանք եզները պահում են, խոտ ու խուրձ բարձելիս սայլի առջև կանգնում են, հոտաղություն են անում, բանվորներին հաց ու ջուր են տանում:


Ամեն բանում թեթևաշարժ սուրհանդակի պաշտոն են կատարում, արագ–արագ ոստոստելով և ուրախ-ուրախ թռչկոտելով։ Բայց լինում են շատ ծույլ, խլականջ, դանդաղ և անպետք երեխեք էլ, որոնք ոչ մի բանի պետք չեն գալիս։ Ափսո՜ս այդպիսիների կերած հացը։


Տղան ամեն բանում պետք է քաջ և ճարպիկ լինի, աշխատելուց չպիտի փախչի, բանից չպիտի վախենա, ամեն բան, ինչ որ ձեռքիցը կգա, պիտի անի։ Կարդալու ժամանակը պետք է կարդալ, խաղալու ժամանակը՝ խաղալ, բայց բան ու գործի ժամանակն էլ պետք է բանել, գործել։ Դեռ լսված չէ, որ աշխատելուց մարդ վնասված լինի, բայց չաշխատելու և ծուլանալու վնասը ամեն օր տեսնում ենք։


Ամառը մի գեղեցիկ պատկեր է ժրաջանության և աշխատասիրության։ Ձմեռն ուսումնարանումն այնքան բան չի կարող սովորել երեխան, ինչքան ամառը դաշտումը, թե՛ աշխատելով և թե՛ իր չորս կողմի երևույթների վրա նայելով։


Ամեն մի ծառ, ամեն մի թուփ, ամեն մի զեռուն շարժման մեջ է, գործի, աշխատանքի վրա է։ Շերամը կամաց-կամաց իր մետաքսն է գործում սուս ու փուս, մեղուն իր բջիջներն է մեղրով լցնում, մրջիմն իր ձմեռվա պաշարն է տուն կրում, թռչուններն իրանց ձագուկներն են շահացնում։


Հիրավի, ինչքա՜ն տեսնելու բաներ կան։ Շերամի կերպարանափոխությունը, թրթուրների թևավորվիլը, շերեփուկների գորտ դառնալը, մեղուների ձագ տալը, թռչունների բույներն ու ձվաները, տեսակ–տեսակ բզեզները, զեռուններ, սողուններ, ձկնիկներ, խոտեր, ծառեր, ծաղիկներ, բոլորն էլ իրենց կյանքի կայտառ ու երիտասարդ ժամանակ...


Իսկ ինձ (որովհետև ես հիմա երեխա չեմ, որ թիթեռնիկների հետևից վազվզեմ, որ տեսնեմ՝ որը որից ավելի նախշուն է) — ինձ ամեն բանից շատ դուր է գալիս այն, որ այդ ընդհանուր աշխատության, այդ ընդհանուր գործունեության մեջ տեսնում եմ մի շատ գեղեցիկ ներդաշնակություն – միության։


Ամեն բանի մեջ մի խմբակցություն, մի կապ, մի միություն