Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/615

Այս էջը հաստատված է

ԱՅԳԵՔԱՂ

Սուրբ Խաչի պասից մեկ կամ երկու շաբաթ էր անցել։ Լավ չէ միտս, որովհետև ես այդ ժամանակ դեռ երեխա էի։

Մեկ երեկո հայրս եկավ այգուցը՝ խաղողով ու դեղձով լիքը մի քաղլակ ձեռին, տվավ մորս, թե՝ տար երեխաներին, հետո ավելացրեց.

— Խաղողը ձեռքից գնում է, չորս կողմի այգիքը քաղել են, միայն մերն է մնացել մեջտեղ լիքը։ Ով ասես՝ ներս է մտնում։ Այգեպանն էլ գողցնում է, խեղճը չի կարողանում գողերի հախիցը գալ։ Անցյալ գիշերը չոբանները մտել են, ինչքան պոկել, տարել են, տասն այնքան էլ կոտրտել, փչացրել են։ Կարմիր խնձորին որ տեսնես, կասես արջեր են վրան կռիվս տվել, այնպես են կոտրտել բոլոր ճղները։ Իծապտկի կարգումը էլ մի ճութ խաղող չես գտնիլ, այնպես են սրբել, տարել։

–Ա՜յ կոտորվին դրանք, կուրանա՜ դրանց աչքերը,— բացականչեց մայրս,— տեսնում ես դու՝ այդ անիծածներն ի՛նչ են անո՜ւմ…

— Հիմա ինչ եղել է, եղել է,– շարունակեց հայրս։— Ես ասում էի՝ մի քիչ էլ մնա, ավելի լավ հասնի, որ գինին թթու չլինի, բայց որ չեն թողնում, ի՛նչ արած… Գողին ի՜նչ դատաստան․ մեկին բռնել ես տալիս, տեղը քսանն է լույս ընկնում, թե որ առաջ խաղողդ էին գողացել, հետո գալիս են տավարդ տանում, գոմեշներդ քշում։ Դրանց պատիժն աստված պիտի տա, մարդն ի՞նչ կարող է։ Ինչ որ է, դու էգուց հաց թխիր, մեր բարեկամներին իմաց տուր, մյուս օրն սկսենք քաղելը, թե չէ՝ այս տարի ոչ թե ծախելու, այլ մեր խմելու գինի էլ չենք ունենալ։

— Դե որ այդպես է,— ասաց մայրս,— էգուց մարդ ուղարկիր, երեխեքս գան։ Կուրա՜նամ ես… առանց նրանց ի՞նչպես քաղենք բաղը։

«Երեխեք» ասելով մայրս ակնարկում էր քույրերիս, որոնք մարդու էին տված զանազան գյուղերում, բայց իրարից այնքան մոտիկ էին, որ մեկ սրումը կարելի էր ամենքին էլ իմաց տալ։ Միայն մեկը քաղաքումն էր, նրան էլ վաղուց էին ապսպրել, որ գա:

Երբ որ քույրերս եկան, հետո մայրս ինձ ուղարկեց իմ պապոնց տուն, որ նրանց էլ իմաց տամ: Նրանց տանն էլ այնքան