Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/616

Այս էջը հաստատված է

հարսներ ու երեխեք կային, որ մի սուրու ոչխարից շատ։ Այնտեղից ուղարկեցին մորաքրոջս մոտ. Հետո մեր սանամայրերի, որ չգիտեմ տասն էին — մեղա քեզ աստված — թե քսանը։ Հետո գնացի մեր կնքավորենց տուն, այնտեղից էլ հանդիպեցի Գյուլնազ տատին ու ասացի, «Տատի, մայրս ասեց՝ էգուց դու էլ, քո հարսներն ու թոռներն էլ համեցեք մեր բաղը, էգուց սկսում ենք քաղելը»։ Նա էլ պատասխանեց.

— Շատ լավ, չարդ տանեմ. դե արի քեզ մի սեր ուտացնեմ, շատ ժամանակ է մեր տուն չես եկել։ Ասացի՝ շնորհակալ եմ, պիտի գնամ ուրիշներին էլ իմաց տամ, բայց սուտ ասացի, գիտե՞ք. թեպետ սուտ ասելը լավ բան չէ, լավ էլ ախորժակ ունեի սերի, բայց ի՞նչ կանես, սաստիկ ամաչելուցս սուտ ասացի։

Հիմա պիտի ասեք, այդքան մարդկանցը որ կանչեցիր, հապա այդքանին ինչպե՞ս պիտի կերակրեք։ Մի՛ վախենաք, այդ շատ հեշտ է։ Դրանք իրենց կերակուրներն էլ իրանց հետն են բերում, դեռ մի բան էլ ավելի։

Մենք արդեն երկու մեծ ղոչ ունեինք, գիտությամբ այգեքաղի համար գիրացրած, մի քանի էլ թոխլի ու այծ։ Մայրս չորս թոնիր հաց թխեց, բավականաչափ էլ գաթա, նազուք։ Պանիր էլ շատ ունեինք, խաղողն ու մյուս մրգերն էլ այգին լիքը. էլ ուրիշ ի՞նչ էր հարկավոր։ Իսկ մեր հյուրերն էլ բերին ամեն մի տանից մի քանի եփած հավ, բոլ գաթա, բաղարջ, կաթնահունց։ Ամենից շատ մեր սանամայրերն էին բերել։

Հիմա էլ պիտի ասեք, այդ ի՞նչ այգեքաղ է. դա մի ուխտագնացության, սար գնալու, կամ հենց ուղիղն ասած, հարսանիքի պես բան է։

— Այո, հենց այդպես է. դեռ դրանցից մի բան էլ ավելի համարեցեք։

Այգեքաղի օրը բոլոր երեխեքն ու կնանիքը, բոլոր հարսներն ու աղջկերքը զուգվել-զարդարվել էին իրանց տոն օրվա ամենանոր ու գեղեցիկ հագուստներովն ու զարդարանքներովը։ Տղամարդիկն էին մնացել իրանց ամենօրյա հագուստումը, միայն գդակներն էին նոր դրել։ Տղամարդիկ չէին փոխել իրանց հագուստը, որովհետև նրանք պիտի կթոց շալակեին, շալակ տային, խաղողը կխճորեին,— կոխ տային, տակառները սարքեին։ Էլ վաղուցվա պես հնձանում չէին կոխ տալիս, այլ նոր, եվրոպական ձևով ամեն սարքն ու կարգն ունեին, այսինքն մի քանի ահագին