Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/618

Այս էջը հաստատված է

կուզենու տակը. հացը, խաշլամեն փռեցին կանաչ խոտի վրա և երկարումեկ բոլորվեցին նրա շուրջը: Բայց ո՞վ ուներ ախորժակ հաց ուտելու։ Ծիծաղ, խնդություն, զվարթություն, հանաքներ անել — այս էր նրանց ճաշը։

Ճաշից հետո էլի մի քիչ քաղեցին և երեկոյին բոլոր քաղվորները մի-մի քաղլակ խաղողով լցրին, իրանց հետ տարան։ Այսպես շարունակվեց երեք-չորս օր, և ամեն օր մի նոր ուրախություն, մի նոր զվարճություն էինք սարքում…

1884

ՁՄԵՌ


Ձմեռը գալիս է թե չէ, նրա առաջին ամեն ինչ դողդողում, սարսռում է։ Գթառատ ձյունը միայն մերկացած գետնին օգնության է հասնում, իր հաստ վերմակով նրան ծածկում և այսպես պաշտպանում նրան ձմեռվա դառնաշունչ ցրտերից։

Կրակը դառնում է մի շատ սիրելի առարկա և ամեն բանից ավելի հարկավոր։ Ով որ դրսից տուն է մտնում, ամենից առաջ կրակին է բարևում։

Չքավորների ապրուստը տարվա ոչ մի եղանակին այնքան դժվար չի լինում, ինչպես ձմեռը։ Մեկի վառելիքն է հատնում, մյուսի ուտելիքը, մեկը տաք հագնելիք չունի, մյուսը ապահով բնակարան։ Քուրսին ու մանղալը թեպետ տաքացնում են դրանց, բայց շատ անգամ էլ իրանց ածխահոտովը գլխները շարունակ ցավացնում։ Այո՛, ածուխի կապույտ ծխից պետք է շատ և շատ զգույշ կենալ։ Քանի՛ քանի մարդիկ են մեռել նրանից, քանի անգամ ամբողջ ընտանիքով, մի գիշերվա մեջ, քնած ժամանակ թմրել, կոտորվել են։ Ածուխի կապույտ ծուխը մարդասպան է, երթ ամեն կողմից փակված տեղ է գտնվում։

Ձմեռվա եղանակին պետք է ունևորները հիշեն չունևորներին և նրանց օգնեն ինչով որ կարող են։

Պինդ ձմեռը վայրենի անասուններին ավելի է վնաս տալիս, քան թե մարդկանցը․ գյուղացիներն ավելի են նեղություն քաշում,