Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/621

Այս էջը սրբագրված է

բթամիտ, մյուսը սրամիտ։ Մեր Դուրսունը գոմեշների բոլոր լավ հատկություններն ուներ։


Դուրսունը գեղեցիկ էր իբրև գոմեշ, և շատ գեղեցիկ։ Նրա հայացքի մեջ ամեն ինչ արտահայտվում էր, երբեմն ուրախություն և հաճույք, երբեմն զարմացք և տխրություն, երբեմն զայրույթ և բարկություն, երբեմն խելք և ուշիմություն։ Երբ որ նա կանգնում էր իբրև մի առյուծ, պոչը շպրտում գցում մեջքի վերա, վիզը թեքում և նայում երեսիս, ես մնում էի հիացած, թեև անգիտակցաբար։


Նա ամեն բան հասկանում էր, ամեն ասած՝ լավ ըմբռնում էր, կանչում էիր՝ պատասխան էր տալիս. ափսոս միայն, որ յուր միտքն ու զգացմունքը հայտնելու համար միայն չորս ու հինգ բառաձայն ուներ, այն էլ այնպես դժվար արտասանելի, որ մեր տառերով չեն գրվում։


— Դուրսուն, հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում,— հարցնում էի շատ անգամ։


— Վույի՜,- պատասխանում էր Դուրսունս և պռշկում։ Ինչքան քաղցր էր նրա պռշկալը։


— Դուրսուն, արի՛ այստեղ։


Դուրսունը հասկանում էր միտքս։ Գալիս էր մոտս, ցածրացնում էր գլուխը, ես երկու ոտքով կանգնում էի վերան, և նա բարձրացնում էր դնում մեջքին։


Բայց ինչո՞ւ Դուրսուն էր անունը, գուցե կհարցնեք, որ մի գեղեցկահնչյուն անուն չէ և ոչ իսկ հայերեն։ Ես այդ բառը կբացատրեմ ձեզ, եթե չեք ձանձրանալ։


Մեզանում վաղուց սովորություն է դառել կենդանիներին թուրքերեն անուն դնելը, շատ սակավ դնում են և հայերեն անուններ։ Բայց թե՛ թուրքերենը և թե՛ հայերենը ըստ մեծի մասին կենդանու արտաքին հատկությունիցն են վերցնում։ Աննշան սև գոմեշին ասում են Ղարա (սևուկ), եթե ճակատը գաշայ է, սպիտակ նշան ունի, ասում են Թափալ (ղաշղա, նշանավոր), եթե կրծքին կամ վզին շեկ կամար ունի՝ Հեքյալ և այլն։ Գոմշակովերին ջոկ անուն են տալիս ու այն ավելի քնքուշ, ինչպես Մարջան (բուստ), Թելլի (հունավոր), Շեկիկ, Թուխծամ և այլն։ Եզներին ու կովերին էլ ուրիշ–ուրիշ անուններ են տալիս։ Այս անունների ընդհանուր կանոնից դուրս է Դուրսուն անունը, թեև բացառություն չէ։ Դուրսունը թուրքերենի մեջ նույնն է, ինչ որ մեզանում մնացական բառը։ Մնացական են անվանում այն երեխաներին, որոնք իրենց ծնողաց