Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/637

Այս էջը հաստատված է

որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արաձը չեք կարող անել, այդ պատճառով ես ձեզ ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»։

1902

ԱՊԱԳԱՑԻ ՀԱՄԱՐ

Մեզանում ասում են. «Ով որ ընկուզենի բուսացնի, նրա պտղիցը չի ուտիլ», որովհետև մի քանի տարի է տևում մինչև նրա պտուղ տալը։

Քասի ապերը սովորություն ուներ ամեն տարի ընկույզներ ցանելու, և արդեն նորաբույս ընկուզենիներ ուներ մի քանի մարդ, որտեղից հանում ու տնկոտում էր այգու ափերոսմ։

Քասի ապոր հարևան Կիրակոսը, որ թեև դեռ երիտասարդ, բայց մի անհեռատես և ծույլ մարդ էր, ծիծաղում էր ծերունու վրա և ասում.

— Ա՜յ հալևոր, ինչո՞ւ ես չարչարվում, ոտիդ մեկը գերեզմանումն է, դու հո դրա պտղիցր չե՞ս ուտելու, էլ ո՞ւմ համար ես տնկում այդ ծառերը։

— Քեզ համար եմ տնկում, Կիրակոս, քեզ համար,— պատասխանում է ալևոր Քասին,— քեզ ու քեզ նմանների համար եմ տնկում, որ սրա պտղիցն ուտեք և ինձ ողորմի տաք։

1906

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

Գնացի ջաղաց։ Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի։ Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա։ Վերջը գտա մի քեթուկ (կոճղ)։ Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը։ Ասացի.

— Ա՜յ քեթուկ, ի՞նչ քաջ ես։ Ասաց.— Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում։