Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/646

Այս էջը հաստատված է

Ձեռները ասացին.

— Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք։

Գլուխը ասաց.— Հը՜մ…

Ոտները ասացին.

— Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք։

Գլուխը ասաց.— Հը՜մ…

Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին։ — Ինչո՜ւ ես հըմ անում։

Գլուխը պատասխանեց. — Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք։

Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.

— Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլոլխը…

1908

ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ

Պայծառ արևը բարձրացավ երկինք և ոսկեփայլ ճառագայթները տարածեց երկրի վրա։

Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա։ Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց երգել բարձրաձայն. — ճի՜վ, ճի՜վ, ճի՜վ. ճիլի-վիլի, ճիլի-վիլի. վո՜ւտ-վո՜ւտ-վո՜ւտ, ճը՜ռռ…

Երկրորդ ճառագայթը նապաստակի վրա ընկավ, նապաստակն ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկելով մտավ ցողաթաթախ կանաչկուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով։

Երրորդ ճառագայթը հավաբունն ընկավ։ Աքաղաղը թափ տվեց թևերը և կանչեց ծուղրուղու…Ղո՜ւ-ղո՜ւ-ղո՜ւ։ Կանչեց աքաղաղը հավերին, որ ցած իջնեն թառերից և առավոտյան նախաճաշիկն անեն։

Հավերը ցած թռան, կչկչացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել։