Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/65

Այս էջը հաստատված է

Ծուխ է դուրս գալիս քառասուն տեղից.
Շրշկլվում է մարդ, թե սա ի՜նչ բան է
Մի՞թե սա գյուղ է.— ո՞վ կարծիք կանե։
Մի դուռն ես գտնում, մանում, և ահա
Քսան, երեսուն մարդիկ աժդահա,
Մի քանի գերան կրակին դրած,
Նստած են շուրջը մըռութնին կախած.
Իսկ նրանց մայրը՝ պառավ աժդահան՝
Դրել է կրակին քառականթ կաթսան,
Երեք-չորս վարազ ողջ-ողջ մեջն ածած,
Ճաշ է պատրաստում մեկ թի ձեռքն առած.
Խառնում է կաթսան թիաշերեփով,
Ինչպես մեր կանայք՝ փոքրիկ չամչիկով,
Տունն ունի նաև անթիվ մաղարեք,
Այնտեղ են լցված հարսն ու աղջըկեք.
Բոլորն էլ խոշոր, բոլորն էլ հսկա,
Թե մարդ, թե կնիկ, աղջիկ, թե տղա.
Բայց չեն Տորքի պես անտաշ ու անկազմ,
Այլ շատ գեղեցիկ և վայելչակազմ»…
- «Ուղիղ է ասածն Առան իշխանի,
Ասաց բդեշխը Գուգարաց երկրի.—
Մեր հսկաներն էլ ձորերը մըտան,
Որ գզիրներին ոչինչ հարկ չտան.
«Ով որ, ասում են, որ գզրի ձայն լըսի,
«Նա տեղնուտեղը ձյան պես կըհալչի.
«Մարդիկ էնդուր են այնչափ մանրացել,
«Ու մեջքներից թեքվել, կըռացել,
«Որ հարկ են տալիս գզրին ու քյոխվին,
«Այն էլ դրամով, որ բնավ չունին։
«Մենք չունինք գզիր, քյոխվա, քյաթխուդա,
«էնդուր ենք մնացել այսպես աժդահա»:
- «Բայց մի՞թե իրանք դրամի պետք չունին».
Հարցըրեց արքան Լոռու բդեշխին։
- «Դրամը պետք է սնունդի համար,
Որ գնեն սնունդ և հագուստ հարմար.
Երկուսն էլ ունին, ունին վար ու ցան,
Ունին խոզ, ոչխար, լծկան ու կթան.