Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/75

Այս էջը հաստատված է

Ասա՝ պոկոտեմ ամբողջ անտառը,
Վարարած գետի ընթացքը փոխեմ,
Սարեր ու ձորեր իրար հետ խառնեմ,
Լեռներ կարող են իմ ձեռքով փլչել.
Բայց քեզ, Հայկանուշ, չեմ կարող դիպչել…
— Եթե այդպես է, ուրեմն գնա՛
Եվ բեր ինձ համար քսան աժդահա.
Կերթաս Ձորոփոր, ուր քարայրերում
Քեզ պես հաղթանդամ մարդիկ են կենում,
Եթե նրանցից քսանին գերես,
Դրանով իմ անվան պատիվ կըբերես.
Եթե ոչ՝ գիտե՞ս մերոնք ինչ կասեն,
Ի՜նչ բամբասանքներ վըրաս կըբարդեն.
Կասեն փախցրել է, փախցրել է նըրան
Լեռներից փախած մի թափառական…


ԵՐԳ ԵՐՐՈՐԴ

Ա

Գնաց մեր հսկան՝ ձեռքին մի գերան,
Որ գործ էր դնում իբրև գավազան։
Հասավ Ձորոփոր հսկաների մոտ,
Մտավ մի խրամ խոր ու քարքարոտ.
Առյուծի նման այնպես մռնչաց,
Նրա ահեղ ձայնից ձորը դրըմբաց.
Դուրս եկան հսկայքն իրանց բներից,
Խրամի ժայռի պատառվածներից,
Նայեցան՝ տեսան մեր հսկա Տորքին
Ներքևում կանգնած, մի գերան ուսին.
Ձեռքով են անում։— Արի վեր մեզ մոտ,—
Ասում են հսկայքն հյուրերի կարոտ։
Վերև բարձրացավ մեր անհաղթ հսկան.