Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/96

Այս էջը հաստատված է

կան կերպով շարունակվում էր քահանայությունը, ցանկանում էր, որ ինքն էլ քահանա որդի ունենա։ Այս իսկ պատճառով Արությունի ծննդյան քառասունքը կատարելուց հետո, երբ Հռիփսիմեն գնաց ժամ նորածին մանկան համար կյանք մաղթելու, Արությունի պորտն ամփոփեց եկեղեցու պատի մեջ և մի ջերմեռանդ աղոթքով նրա կյանքի տնտեսությունը հանձնեց աստծուն և նորա սուրբերին:

Փոքրիկ Թյունին հինգ տարեկան դառած չդառած մայրը տարավ նրան և հանձնեց տեր Ղուկասի աղջկանը՝ Մանիշակին, որ գրագիտության մեջ մի գյուղական տիրացուից պակաս չէր:

Արությունը հազար անգամ լսած լինելով յուր մորից, որ նա գիր պիտի սովորի, կարծում էր, թե այդ մի շատ քաղցր բան պետք է լինի, ուստի ինքն ևս շտապում էր, որ մի օր առաջ վայելեր իր երազած չիր ու չամիչը։

Մեծ պասի առաջին երեքշաբթի օրը նա արդեն փափախը վերցրած և Մանիշակի առջև չոքած՝ սովորում էր «Հանուն հորը» և «Խաչ, օգնյա՛ ինձ» ասելը։ Այդ դժվար չթվաց Արությունը առաջուց սովորած լինելով յուր մորից, և ոչ այբ, բեն, գիմ ասելը դժվարացավ, որ իր սուր հիշողության շնորհիվ խաղի պես սովորել էր առանց նրանց պատկերը տեսնելու, բայց երբ որ Մանիշակը, երկու մատի մեջ առավ այս և այն գիրը և ստիպեց Արությունին, որ ճանաչե, այս այնքան դժվար թվաց Արությունին և անհնարին մի բան, որ երբ գնաց տուն ճաշելու, էլ չուզեց վերադառնալ դեպի այբ-բենը։ Այգ նկատեց մայրը և իսկույն լուծիցը մի սամի հանեց, որ Արությոլնին մի լավ խրատե, բայց Արությունն աղաչեց մորը, որ չծեծե: — Կերթամ, կերթամ,— ասաց Մանիշակը լավ է քեզանից, նա ինձ չի ծեծիլ:

Եվ ճշմարիտ այնուհետև էլ փախչելու մասին չմտածեց Արությունը և հարկարդվեցավ սովորել ամբողջ հեգարանը, որ երբ ավարտեց, Մանիշակը կապոտեց Արությունի ոտները և ապսպրեց Հոիփսիմեին, որ գա իր որդու ոտները արձակե։

Հռիփսիմեին այդ սովորությունը ծանոթ լինելով՝ շտապեց իր որդու վարժուհու մոտ և խոստացավ նրան մի ճոխ սեղան։ Մյուս օրը պատրաստեց յուղալի թխվածք, հալվա, հավ, մրգեղեն ու գինի։ Այդ բոլորը մի մեծ խոնչում դարսած՝ դրավ ուսին, գավով դինին էլ տվավ Արությունի ձեռքը, տարավ Մանիշակին հայտնեց նրան իր անկեղծ շնորհակալությունը։