Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/97

Այս էջը հաստատված է

Մանիշակը շատ գովեց Արությունի սրամտությունը, խոստացավ շուտով սովորեցնել ժամագիրքը և գիր գրելը։ Մանիշակն իր խոսքը կատարեց։ Արությունը բոլոր ժամագիրքն ավարտեց, էլ մի հատ ալելուա չթողեց, բոլորն էլ անգիր արավ, բայց Մանիշակը էլ չկապոտեց Արությունի ոտները, որովհետև էլ ուրիշ սովրեցնելու գիրք չուներ։ ժամագիրքն էլ ով գիտե որ քունջ ու պուճախից էին գտել։ Դա մի պապական ժառանգություն էր Հռիփսիմեի հորանց տանը մնացած, մի քանի անգամ կազմած, մեջեմեջ պակասած տեղերը կազմարարների ձեռքով գրված։ Բայց Արությունի ձեռքումը բոլորովին քրքրվեցավ և նա էլ տարավ թաղեց մի տեղ, հավատալով շատերի կատակով ասածին, թե՝ «գիրքդ որ թաղես, նրանում ինչ որ կա կթաղվի մտքումդ, էլ ետ չի դուրս գալ»…

Զարմանալի պարզամիտ էր Արությունը։ Նա ուներ շատ սուր հիշողություն, իր չհասկացած երկար աղոթքներն ու սաղմոսները շատ հեշտությամբ անգիր էր անում, նմանապես և ամեն մի լսած խաղ, երգ, թեկուզ լիներ թուրքերեն, պարսկերեն կամ զանազան լեզուների մի խառնուրդ, նրա համար միևնույն էր, բառ առ բառ դասավորվում էին նրա մտքումը. այսպես և ամեն մի լսած առակ, հեքիաթ։ Ինչպես որ ուներ սուր հիշողություն, նույնպես ուներ և յուր հիշողությունն ամբարելու մի անկուշտ փափագ։ Բայց գալով նրա դատողությանը, նրա խելքին, շատ միամիտ էր։ Իր հասակակից բոլոր երեխայքը նրանից խելոք էին. նրանք դատելու, հավանելու, չհավանելու, ընտրելու, մերժելու հատկություն ունեին։ Բայց պետք է ասենք, որ Արությունի հիմարությունը մի բախտավորություն էր և ոչ անբախտություն։ Ուսումնատվության այդ բարբարոս և խավար ժամանակը ոչ մի խելոք երեխա գիր չէր սովորում, նրա խելքումը չէր մտնում, նրա խելքը հակառակում էր, թեև բնազդմամբ, որ աչդ ձևով սովորել անհնարին է։ Այդ պատճառով այդ հիմար ձևի տակ ընկճվում էին մեկ այն երեխաները, որոնք լինում էին դատողությունից զուրկ, խեղճ և միամիտ, և մեկ էլ այն երեխաները, որոնք կարգե դուրս հիշողություն էին ունենում։

Արությունը բախտավոր էր և այն կողմից, որ նա չընկավ կոպիտ խալիփաների ձեռք, այլ Մանիշակի, որ շատ քնքուշ մի էակ էր։ Նա սիրեց Արությունին մորից առավել։ ճշմարիտ է, Մանիշակի քնքշությունը Արությունին ավելի ևս քնքշացրեց և շինեց մի անմեղ գառն գայլերի մեջ, բայց և շատերի աչքն էր ընկնում նա իբրև մի անսովոր շնորհալի երեխա։