Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/10

Այս էջը հաստատված է

Այս շրջանում նորն այն է, որ նա գրում է ոչ միայն մանկական բանաստեղծություններ, այլև հանդես է գալիս իբրև հեքիաթագիր: Նրա գրեթե բոլոր հեքիաթները («Անահիտ», «Արևամանուկ», «Եղեգնուհի» և այլն) գրված են 80-ական թվականներին: Այս շրջանումն է նա մշակում նաև կովկասյան ու միջին ասիական հայտնի ժողովրդական էպոսը՝ «Քյորօղլի»-ն (1887—1893 թթ.) և գրում՝ «Տորք-Անգեղ» դյուցազնապոեմը (1888 թ.), իսկ 1880 թ. Աղայանը հրատարակում է իր ստեղծագործությունների նոր ժողովածուն՝ «Բանաստեղծություններ» խորագրով:

90-ական թվականներին Աղայանի գրական գործունեության մեջ տիրապետողը հրապարակախոսությունն է: Գրական-քննադատական, մանկավարժական, լեզվաբանական ու հրապարակախոսական հոդվածներով նա ակտիվորեն աշխատակցում է մի շարք պարբերականների, բայց, ինչպես ինքն է ասում՝ միշտ և ամեն տեղ պահպանում է իր ինքնուրույնությունը՝ չշեղվելով իր գաղափարական ուղղությունից:

Աղայանը բանակռվում է կղերա-պահպանողական ու լիբերալ-բուրժուական հոսանքների ներկայացուցիչների դեմ: Խրախուսում ու գնահատում է նոր հանդես եկող առաջադեմ ու տաղանդավոր գրողներին. Հովհաննես Հովհաննիսյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճլան, Հակոբ Հակոբյան և այլն:

Մեր գրականագիտության մեջ արտահայտված այն սխալ կարծիքը, թե՝ Աղայանն, իբր՝ 70—90-ական թվականներին «գաղափարական նահանջ է կատարում», դժվար չէ հերքել: 90-ական թվականների վերջերին, անդրադառնալով իր գաղափարական ուղղության հարցին և սահմանագծվելով մշակականներից, Աղայանը որոշակիորեն հայտարարում է.

«Ես պատկանել եմ առաջադիմական կուսակցությանը, այն կուսակցությանը, որ նոր հոգի ու շունչ է փչել մեր ազգի դարերով ընդարմացած կյանքի մեջ՝ «Մշակ»-ի երևալուց դեռ շատ առաջ: Լինելով առաջադիմական՝ երբեք չեմ եղել մշակական կամ մի այլ թերթական» («Տարազ», 1897, .№ 15, էջ 252): Իսկ «Մշակ»-ի երևալուց շատ առաջ «առաջադիմական կուսակցություն» ասելով՝ Աղայանն անշուշտ նկատի ուներ «Հյուսիսափայլ»-ի ու Նալբանդյանի անունով նշանավորվող ուղղությունը: Այդ մասին է վկայում այն, որ նույն շրջանում (90-ական թվականներին) Աղայանը մի այլ առիթով շատ ավելի որոշակիորեն է բացահայտում իր գաղափարական ուղղությունը՝ իր դավանանքը:

Գրաքննական արգելքի հետևանքով անտիպ մնացած իր մի հոդվածում նա գրել է. «Մեր ժամանակ Մոսկվայից մենք սպասում ենք ոչ թե «Ճռաքաղ»-ի[1] մրուրը, այլ «Հյուսիսափայլ»-ի ոգին, Նալբանդյանի կռվական գոչյունը»:

  1. «Ճռաքաղ»-ը ամենից առավել կղերական ուղղության ամսագիր էր, որ հրատարակվում էր Մոսկվայում՝ կրոնագիտության մագիստրոս Մսեր Մսերյանի խմբագրությամբ (1859—1862), ի հակադրություն «Հյուսիսափայլ»-ի ու Նալբանդյանի գլխավորած ամենաառաջադեմ ուղղության։