Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/103

Այս էջը հաստատված է

ճշմարիտ որ մեզ լավություն է անում, մեր աղոթքը երկինք է հասցնում, մեզ չարից, փորձանքից ազատում է, մեր հոգին սատանի ձեռից խլում է, արքայություն տանում, թող ուրեմն էդ բարի հրեշտակի կյանքը երկար պահի մեզ համար աստված։ Բայց սատանան, որ միշտ մեզ խաբում է, փորձանքների մեջ է գցում, որ մի ահագին լեգեոն ունի մեզ համար, էլ քաջք ասես, դև ասես, ալք, խթեթիշ, մեզնից լավեր... Թող ինքն էլ, դրանք էլ չքվին անհետանան, չքվին մեր մտքից, լեզվից, գրից, որովհետև դրանց հավատալը մեզ վնաս է տալիս և ոչ օգուտ։ Մի բան որ իսկապես չկա, էլ ինչո՞ւ ենք հավատում, քանի որ էդ հավատալովը մենք մեզ համար մի նոր ցավ ենք ստեղծում, մի նոր պատիժ...

— Մանվել, դու դեռ քու օրումը էդպես խելոք բան չէիր մտածել։ Ես ու իմ աստվածը՝ շատ լավ ես ասում, շատ ուղիղ։ Իհարկե՝ մարդուս տունը շինողն ու քանդողը նրա հավատն է։ Սուտ հո չի գրած Ավետարանի մեջ, թե՝ «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»։

— Հիմի դու ականջ դիր, ես էդ հավատալու վնասն ասեմ։ Մեր գեղի տղերքը շատ քաջ, շատ աներկյուղ են, ոչ թրից ետ կկենան, ոչ սրից. մի տասը տարեկան երեխի էլ որ ասես, առյուծի բերան կընկնի, մի խոսքով՝ տղերք եմ ասում, որ Սամփսոնը քեզ օրինակ։ Բայց էդ սրտոտ տղերքը գիշերները գերեզմանատան կամ մի քանդված եկեղեցու մոտով անց կենալիս՝ որ մի ցից քար են տեսնում կամ մի շվաք, էդ հասարակ բաները նրանց աչքումն էնպես բաներ են դառնում, որ չափազանց երկյուղից սիրտները ճաքում է, լեղիները պատռվում, մի քանի օր չի քաշում, մեռնում են։ Հետո ասում են՝ սատանեն տվել է, այսինքն խփել է։ Ասում էլ են, թե խփած տեղը մեռլի վրա երևում էր, կապտել սևացել էր։ Էս չիք սատանեքը գործակալներ էլ ունին. գիտե՞ս ովքեր են դրանց հրամանակատար գործակալները։

— Չէ՛, էդ չեմ իմացել։

— Դու որտեղի՞ց կիմանաս. ես եմ նրանց անունը սատանի գործակալ դրել, նրանց ասում են՝ ջինդար, ջադուքյար, փալչի, գրբաց, թասի մտիկ տվող...

— Հա՜, դրանք գիտեմ ես։