Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/11

Այս էջը հաստատված է

Սրտաբուխ ու ոգեշունչ այս խոսքերը լիովին բնութագրում են ազնիվ դեմոկրատին, որի գրական ու մանկավարժական, հասարակական ու քաղաքական գործունեությունն ընթացել է հենց այդ ուղղությամբ: Աղայանի գաղափարական դեմքի ու քաղաքական դիրքավորման համար բնութագրական է և այն փաստը, որ նա նույն ժամանակաշրջանում (80—90-ական թվականներին) գործոն հետաքրքրություն է ցուցաբերել ոչ միայն Նալբանդյանի, այլև ոուս հեղափոխական-դեմոկրատիայի առաջնորդ Ն. Գ. Չերնիշևսկու նկատմամբ՝ վերջինիս աքսորի տարիներին:

Հիշենք հետևյալ փաստը: Հայտնի է, որ 1883 թ. սեպտեմբերից Չերնիշևսկին իր հեռավոր աքսորից տեղափոխվել էր Աստրախան, որտեղ ապրում էր ոստիկանական խիստ հսկողության տակ: Այստեղ Չերնիշևսկին մոտիկից ճանաչված էր մասնավորապես հայկական միջավայրում, վայելելով խորին հարգանք: Թեև հայտնի չէ, թե մեծ աքսորականի աստրախանյան հայ ծանոթների շարքում կայի՞ն արդյոք գաղափարական համախոհներ ու հետևորդներ, բայց առանձնապես հետաքրքրական և ուշագրավ է, որ Աղայանն իր նախկին աշակերտներից մեկի միջոցով այնտեղից տեղեկանում էր Չերնիշևսկու վիճակի մասին: Աղայանի արխիվում պահպանվել է նրա այդ աշակերտի մի նամակը (գրված 1885 թ. հունվարի 31-ին): Հեղինակն իր ուսուցչին հաղորդում է հետևյալը.

«...Ձեզ արդեն հայտնի է, որ ռուսաց երևելի գրողներից մեկը՝ Չ....սկին այստեղ է: Այդ անգութները[1] դորան այստեղ էլ հանգստություն չեն տալիս, նշանակված է մի առանձին անձնավորություն, որը միշտ հետևում է դորան. թե՝ ուր է գնում, ինչ է անում, ում հետ է խոսում և այլն, մի խոսքով նորա ամեն մի քայլը դիտում են: Այդ իրեն հայտնի է: Առողջության կողմից լավ է. ձայնը թույլ է» (Գրականության և արվեստի թանգարան, Աղայանի ֆոնդ. № 294):

Այս հակիրճ հաղորդումն ինքնին բնութագրական մի վավերագիր է թե հեղինակի և թե՝ Աղայանի համար, որին, ինչպես երևում է նամակից, մինչև այղ «արդեն հայտնի էր» Զերնիշևսկու Աստրախանում գտնվելը:

Այս փաստերը, ինչպես և Աղայանի բուն գործունեությունը գրականության ու մանկավարժության և հասարակական-գաղափարական պայքարի բնագավառում, վկայում են, որ նա շարունակում էր հավատարիմ մնալ 60-ական թվականների ավանդներին:

4

Հայ նոր գրականության պատմության մեջ Աղայանն իր նշանակալից և միանգամայն ինքնուրույն տեղն է գրավում որպես արձակագիր ու բանաստեղծ: Նրա գեղարվեստական ստեղծագործությունը բազմերանգ է ու բազմաժանր․

  1. Ակնարկում է ցարական ժանդարմական գործակալներին, որոնք հետապնդում էին Չերնիշևսկուն։