Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/12

Այս էջը հաստատված է

վեպ, վիպակ, պատմվածք, ակնարկ, հեքիաթ ու զրույց, բանաստեղծություն, առակ, վիպերգություն: Ինքնուրույն ստեղծագործությանը զուգընթաց Աղայանն զբաղվել է նաև գեղարվեստական թարգմանությամբ և ճանաչվել իբրև արձակ և չափածո երկերի հմուտ ու հեղինակավոր թարգմանիչ:

Աղայանի գրական գործունեությունը սկսվում է 60-ական թվականներին՝ նախ «Մեղու Հայաստանի» օրաթերթում տպագրված «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությամբ (1862 թ. մայիս) և ապա, ավելի հաստատորեն՝ 1867 թ. կեսերին լույս տեսած «Արություն և Մանվել» վեպով, որով երիտասարդ հեղինակը ժամանակակիցների ուշադրությանն արժանացավ:

Աղայանի գրական-գեղագիտական ըմբռնումները և ճաշակը ձևավորվեցին 60-ական թվականներին՝ հայ և ռուս դեմոկրատական մտքի բարերար ազդեցությամբ, գրականության ժողովրդայնության համար մղած գաղափարական պայքարի մթնոլորտում: Եվ հենց այդ մթնոլորտում է հղացվել ու ծնվել նրա անդրանիկ ստեղծագործությունը, որն իր առաջին տարբերակով իսկ, բացահայտում է հեղինակի անկասկածելի տաղանդը՝ ժողովրդայնության հենքով ու խորքով:

«Արություն և Մանվել»-ը հայ քննադատական ռեալիզմի սկզբնավորման առաջին ամենաամբողջական ստեղծագործությունն է ռոմանտիզմի աննշան տարրերով: Այդ առումով է, որ՝ ի տարբերություն «Վերք...»-ի, Աղայանն իր վեպը համարել է միանգամայն «նոր ուղղության» արտահայտություն:

Աբովյանի վեպը նոր տիպի «ազգային վեպ» է և՛ բովանդակությամբ, և՛ ձևով: «Ազգային վեպ» հասկացողությանը չի հակասում այն, որ դա իր սյուժետային-կառուցվածքային հենքով ինքնակենսագրական վեպ է, կամ վիպական ինքնակենսագրություն, բայց տվյալ դեպքում հեղինակի ինքնակենսագրականը տրված է ժամանակաշրջանի հայ կյանքի լայն ընդգրկումով, ժողովրդի լուսավորության, «մտավոր հեղաշրջման» և ազգային-քաղաքական ինքնագիտակցության անդրադարձումով:

Վեպի բովանդակության առանցքը նրա գլխավոր հերոս Արությունի կյանքի, հոգեկան-մտավոր զարգացման ընթացքն է՝ մանկությունից մինչև հասուն պատանեկությունը: Արությունը 50—60-ական թվականների տիպական ներկայացուցիչն է այն «նոր սերնդի», որը կոչված էր իրականացնելու դեռ միջնադարյան խավարի մեջ խարխափող, սոցիալական ու ազգային ճնշման տակ հեծող ժողովրդի «մտավոր հեղաշրջումը»՝ լուսավորված ազգային-քաղաքական վերածննդի հեռանկարով:

Անդրադառնալով իր վեպի նշանակությանը և թողած ազդեցությանը, Աղայանը գրում է, թե՝ «այդ վեպով ժողովուրդը ծանոթացավ նոր սերնդի առաջադեմ մտքերի հետ, իսկ նոր սերունդը՝ ժողովրդի մտավոր ու բարոյական կողմերի հետ»: «Արություն և Մանվել»-ում ժամանակի այդ «նոր սերնդի հառաջադեմ մտքերի» կրողը և խանդավառ արտահայտիչն ու քարոզիչը՝ Արությունն է, որը տոգորված է ոչ միայն «մտավոր հեղաշրջման», այլև սոցիալական ու ազգային քաղաքական պայքարի, կրկնակի ճնշման տակ հեծող իր մայր ժողովրդի լուսավոր և ազատ կյանքի գաղափարով: