Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/120

Այս էջը հաստատված է

— Աստված բարի ճանապարհ տա,— ասաց Օվակիմը և ճանապարհ ձգելով պատանի մարդոցը՝ ինքն ընկավ մի խոր մտածության մեջ, և հետո բացականչեց.— Մտեք աշխարհ, անմեղ հոգիք, դուք չեք կարող ձեր գլխի անցքերի առաջքն առնել... ուսում էլ առնեք՝ ի՞նչ պիտի դառնաք, ավելի վատ ձեզ համար... Ավելի լավ չէ՞ր լինիլ, որ բնավ չճաշակեիք այդ բարվո ն չարի գիտության ծառի պտղից, որից հետո մինչև այժմ ձեզ դրախտ երևցած աշխարհս պիտի դժոխքի կերպարանք ստանա...

— Արություն, արի գնանք էսօր մեր տանը մի լավ քեփ անենք: Մեր տանեցիք բոլորն էլ գնացել են ուխտ, մենակ քուրս է մնացել տանը. Օսանին էլ կկանչենք մեզ մոտ ու մի լավ քեփ կանենք: Ո՞վ գիտե ի՞նչ կանցնի գլխներովս, շո՞ւտ կտեսնենք մեկ մեկու, թե՝ ուշ,— ասաց Մանվելը, երբ մի քանի քայլ լռությամբ հեռացել էին Օվակիմի տանից:

— Երանի՜ քեզ, Մանվել, որ դարդ չունիս, քեփն է աչքիդ երևում...

— Տո ինչի՞ եմ դարդ անում, գիժ հո չե՞մ. բա չլսեցի՞ր, որ Օվակիմն ասաց. զոռով բան չի լինիլ. ամեն բան իր կարգովն է գնում. թե որ ուզում ես պատճառն իմանաս, գնա մեր պապ Ադամին հարցրու, որ նրանից մի ուղիղ լուր բերես... Ինչ որ դառնալու ենք, չենք կարող չդառնալ․ պրծա՜նք, գնա՛ց...

— Օվակիմի ասածը ճակատագրի պես մի բան է,— ասաց Արությունը.— մեր պառավներն էլ են ասում, թե՝ «Ինչ որ ճակատիդ գրված է, էն պիտի ըլի»։ Ասում էլ են, թե՝ «լինելու բանի առաջը չի առնվիլ»... կամ թե՝ «ինչ որ լինելու է, պետք է լինի, դրան ճար չկա»... Բայց կարելի է թե Օվակիմի ասածը ավելի խոր միտք ունի, որովհետև նա ուսումնականի ոճով է խոսում, պատճառներ է փնտրում...

— Արություն, ինչի՞դ է պետք, ինչ ուզում են թող ասեն. մենք էլ որ կմեծանանք, լավ ուսում կառնենք, մենք էլ ուրիշ ձևով կասենք էդ միևնույն բանը, կամ թե չէ՝ կհերքենք բոլորովին. իսկ հիմա, քանի որ գլխներումս դեռ դարտակ տեղ շատ կա, էսօր գնանք էդ դարտակ տեղը գինով լցնենք, խելքներս զվարթանա, սրտներս ուրախանա. աշխարհքիս դարդը