Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Այս էջը հաստատված է

ջուրը՝ ծարավ ետ բերենք. ինչի՞ ենք դարդ անում, ուրիշ ոչինչ որ չկարողացանք, բա դրանց պես է՞լ չենք կարող մի բան անել...

— Ի՞նչ ես ասում, Մանվել... Մարդ որ էնպես վարժապետ չըլի, որ էս քաղքումը հատը չլինի, էլ ի՞նչ նշանակություն ունի։

— Արություն, աղվեսը որ աղվես է, բերանը որ խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է. բայց դու մի աղվեսի չափ էլ չունիս խելք...

— Արջն էլ որ արջ է, Մանվել, երբ որ թաթը տանձին չի հասնում, ասում է. «Լա՛վ, կենա իմ հոր խերին, մի ուրիշը կուտի իմ հորն օղորմի կտա»... Բայց մի՞թե մենք աղվես ենք կամ արջ. մենք մարդիկ ենք, բանական մարդիկ, մենք պարտական ենք գնալ դեպի հառա՜ջ, հառա՜ջ, о՜ն անդր հառա՜ջ, մի ձախ, մի աջ, դեպի կատարյալն և դեպի բարին, որ անհրաժեշտ լցուցանելու պարտք է մարդկային։

— Օ՜... դու ոգևորվեցար, էլի «Բամ փորոտանն» սկսեցիր... էդպես կանենք ուրեմն, առաջ կերթանք, առա՜ջ, էլ աջ ու ձախ չենք մտիկ տալ, մինչև գլխներս մի պատի կդիպցնենք, կամ գլխիվայր կընկնինք մի անհատակ ձորի մեջ...


Դ
ՍԵՐ, ԳԻՆԻ ԵՎ ԵՐԳ

— Դե շուտ արա, Հոռոմսիմ,— ասաց Մանվելն իր քրոջը,— շուտ արա սուփրեն գցիր, հիմա ուր որ է Արությունն ու Օսանեն էլ կգան։ Էսօր պիտի մի լավ քեփ անենք, խաղ, տաղ, Քյոռօղլի, մուխամբազ, դիփ պիտի իրար խառնենք։ Մեր Արությունը շատ խաղ գիտե, իրանից էլ շատ ունի ասած, էսօր պիտի մի քանիսն ասել տամ... Դե շո՛ւտ արա, շո՛ւտ (երգում է).

Եղբարք, մի շուրջ ժողովվեցեք,
Քաջ հայոց կերպի կոնծեցեք,
Բաժակները դարդըկեցեք
Մեր հայ ազգի կենացը․..