Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/123

Այս էջը հաստատված է

— Հոռոմսիմ ջան, գի՛նի, գի՛նի, էսօր գինի պիտի խմենք անպատճառ. Արությունին էլ պիտի խմացնեմ... Շատ դարդ անող տղա է, կասենաս բոլոր աշխարհքի դարդը նրան ըլին տված. էսօր պիտի ուրախացնեմ, պիտի քեփը բաց անեմ։ Դավիթ մարգարեն ասել է իր սաղմոսումը, թե՝ «Գինի ուրախ առնե զմարդ, յուղ զվարթ, իսկ հաց հաստատե զսիրտ մարդո»։ Շատ ուղիղ է ասել։ Գինին էնպես զորություն ունի, որ նրան տեսնողը առանց խմելու էլ ուրախանում է։ Էնդուր են ասում, թե՝ մեկ իմերել մի էծ է տեսել, շատ ուրախացել է ու ծիծաղել. ասել են՝ ինչի՞ ես ծիծաղում, ինչի՞ վրա ես էդենց ուրախանում։ Ասել է, «Էծ տեսնելիս գինին է միտս գալիս, որովհետև գինին դրա տկումն է լինում» (երգում է)․

Արաքսա ջրով ցողած,
Հայոց արևով հասած,
Հայոց աղջիկ է քաղել,
Քնքուշ ձեռներով քամել...

— Հրեն գալիս են... շո՛ւտ արա, շո՛ւտ արա, ես դուրս գնամ, Օսանին առոք փառոք ներս համեցեք անեմ։ Բարո՜վ, բարո՜վ, Օսաննա՜, օրհնյա՜լ, որ գալոցդ ես... համեցե՛ք, համեցե՛ք վերև, էն փափուկ տեղը քեզ համար ենք պատրաստել...

— Ապրիս, ապրիս, Մանվել,— ասաց Օսանան,— աստված քեզ միշտ էդենց ուրախ պահի, մեր Արությունն էլ քեզանից մի քիչ ուրախանալ սովորի։

— Արությունին ինչի՞ ես մեղադրում,— ասաց Հոռոմսիմը,— դու նրա նման, նա էլ քեզ նման. կասենաս մի խնձոր ըլիք կես արած․ երկուսիդ բնությունն էլ մեկ է...

— Սպասիր, սպասիր, Հոռոմսիմ,— խոսքը կտրեց Մանվելը,— ես քեզ մի նոր բան ասեմ։ Գիտեք ի՞նչ կա։ Ով ինչպես կա, չի կարող ուրիշ կերպ լինել, թե որ ուզում եք դրա պատճառն իմանալ, պիտի երկաթե տրեխներ հագնեք, էն վաղվա մարդի նման, որ աստծու մոտ է գնացել, մի երկաթե գավազան էլ ձեռքներիդ բռնեք, գնաք ձեր տատ Եվայի մոտ, նրան կհարցնեք, նա ձեզ պատճառը կասի... Օվակիմն էսպես չասե՞ց, Արություն։