Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/140

Այս էջը հաստատված է

տեղ պար էին գալիս, մի ուրիշ տեղ խաղեր ու օյիններ սարքում։ Մեկ խոսքով՝ զուռնա, դհոլ, դահիրա, նաղարա, սազ, թառ, սանթուր, չոնգուր, խաղ, տաղ, պար, իրար հետ խառնված՝ խրտնեցնում էին գիժ գոմեշներին և քուռակներին, որոնք պլշած դուրս էին ընկնում, տրտինգ տալիս, փախչում, կնիկ, երեխա ոտի տակ գցում, մուրազներին հասցնում։ Աբելն էլ իր տասը կանգուն երկայնությամբ փայտե ոտներին սպիտակ վարտիք հագցրած, խաղում էր նրանց վրա, խաղցնելով մատներին հագցրած չխկչխկան պղնձե մատնոցները, և երբ հոգնում էր, ձեռքն էր առնում իր աշակերտի շլինքը ձգած, կլոր ու մեջտեղը ծակ թաղիքը և նրան զանազան գլխարկի ձև տալով ցույց էր տալիս, թե որտեղ ինչ տեսակ գդակ են ծածկում։ Երբ որ իջնում էր փայտե ոտներից, գետնի վրա ցույց էր տալիս իր ճարպիկությունը մարմնավարժական խաղերի մեջ, օրինակ՝ ման էր գալիս գլխի վրա կանգնած ձեռքերով և զանազան ոստյուններ անում ետ ու առաջ գլխիվայր շրջվելով և այլ այս տեսակ ձևեր, որից հետո ձեռնածություն էլ էր անում, այսինքն ֆոկուսներ, որից հասարակ ժողովուրդը շատ էր զարմանում և աչքակապություն էր համարում ու կախարդական զորությամբ արած մի բան։ Ավելի զարմանալի էին մի շիրակացի երիտասարդի կատարած խաղերը։ Նա լարախաղաց էր. պարանի վրա սովորական ճարպիկությունները կատարելուց հետո, գետնի վրա ցույց տվավ մի ավելի հրաշալի տեսարան։ Նա սկսեց տեղն ու տեղը պտույտ գալ այնպես արագ, ինչպես մի ճախարակի անիվ, և այդ պտույտը տևեց այնքան ժամանակ, մինչև որ կարձակեր իր երկու հատ օսմանցուի զբունի և բաճկոնակի բազմաթիվ կոճակները։ Նույն պտույտի ժամանակ, նա երկու սուր դաշույններ ձեռքն առած՝ նրանց ծայրերը դնում էր աչքերի աղբյուրների վրա, քթումը, ականջներումը, որից հետո կանգնում էր նույն դաշույնների սուր բերանի վրա բոկոտն և կոտրտվելով խաղցնում ձեռները իր պղնձե մատնոցները չխկչկացնելով։ Նա անթիվ թլիսմներ ուներ կարած իր վրա, և ժողովուրդը նրա այդ զարմանալի ճարպիկությունը վերագրում էր թլիսմների զորությանը։