Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/141

Այս էջը հաստատված է

Թիֆլիզի զվարճասեր երիտասարդներն էլ, որ հատուկ այդ օրվա համար լավ ձիաներ են վարձում, նոր շորեր առնում, զուգվում, զարդարվում արծաթապատ զենքերով, թեև չեն իմանում նրանց գործածելը, խառնվել էին ջրիդի հանդեսի մեջ, որ կատարվում էր ուխտատեղի ստորոտում մի ընդարձակ դաշտի վրա։ Ջրիդ խաղացողները երկու մասի էին բաժանված և կանգնած դեմ առ դեմ։ Մի մասում էին հայերը, մեծ մասամբ շուլավերցիք և խաչենցիք, իսկ մյուս մասումը՝ Բորչալուի թուրքերը։ Հայերը հետզհետե տաքանալով՝ կատաղեցրին թուրքերին և խաղը վերջացրին սովորական դիպվածները կատարելուց հետո, այսինքն բանը կռվի հասցրին, շատ գլուխներ պատռեցին, մինչև գավառապետն ու մողրովը իրանց ղազախներով մեջ ընկան և մի կերպ խաղաղացրին վիրավորվածներին, որոնք լռեցին միայն այն հուսով, որ մյուս տարին կառնեն իրանց վրեժը...

Այսպես մի տեղ զանազան խաղեր էին խաղում, մյուս տեղ շատ ժամանակ իրար չտեսած ծանոթ, բարեկամներ էին հանդիպում միմյանց և մեկ մեկու հրավիրում միմյանց սեղանի վրա։ Հարս ու աղջիկ գեղեցիկ զարդարված, բոլորեքյանք ուրախ, բոլորեքյանք զվարթ. մի խոսքով՝ ամեն ինչ հրաշալի էր, միայն Արությունն էր տխուր։ Նա կարծես մտքումը դրել էր, որ այդ հանդիսի լավ կողմերը չնկատե․ նա չէր հասկանում, թե որքան գեղեցիկ մի առիթ է դա, որ տարին գոնե մեկ անգամ ամեն կողմից մարդիկ մի տեղ են հավաքվում, իրար տեսնում, կարոտներն առնում. քաղաք չտեսածները քաղաքացոց նիստ ու կացն են տեսնում, քաղաքացիք՝ գյուղացոց, թող այն զվարճությունները, խաղերը, որոնք ամեն անգամ ոչ տեսնվում և ոչ վայելվում են։ Նա գիտեր, որ այդ ուխտատեղի բոլոր արդյունքը հատկացրած է ներսիսյան դպրոցին, բայց որովհետև դպրոցը այդ տեղերից մոտիկ ոչ մի գյուղից մի որդեգիր չէր պահած և չէր պահում, դրա վրա բարկացած՝ ասում էր. «Ժողովրդի մի աչքը կուրացնում են՝ որ մյուսը լուսավոր պահեն»...

Կեսօրից հետո ամեն խաղ պառավեցավ, և սայլերն ու փուրգոններն սկսեցին իրար հետևից գռգռալ, որից հետո բոլոր տեսարանի վրա իջավ մի դատարկ վարագույր։