Այս կապակցությամբ հարկ է նշել, որ հայ վիպագրության դրական կերպարների շարքում նորը միայն Արզումանը չէր: Նոր էին նաև «Երկու քույրերը», նրանցից մանավանդ Հերիքնազը՝ որպես նոր կնոջ վսեմ բարոյական կերպար:
Օժտված հոգեկան հարստությամբ և բարոյական վսեմ առաքինություններով, Հերիքնազը դառնում է կնոջ իդեալական տիպար իր միջավայրում և իր ժամանակի համար: Հերիքնազի դրական կերպարի մեջ Աղայանը մարմնավորել է իր փայփայած աշխատավոր կնոջ իդեալը, կին, որն ազատ է ընտանեկան, իրավական ու տնտեսական կաշկանդումներից և նախապաշարումներից:
Արզումանի (հարակից նաև մյուս գյուղացիների) և Ճաղարանց Թաթոսի փոխհարաբերությունների պատկերումով հեղինակը բացահայտում է գյուղում տիրող սոցիալական հակադրությունները հետռեֆորմյան շրջանում՝ 19-րդ դարի 60—70-ական թվականներին: Վեպի գաղափարական բովանդակության մեջ հիմնականը, գլխավորը՝ աշխատավոր գյուղացիների պայքարն է հողի համար: Բայց այդ պայքարը դեռ անկազմակերպ ու տարերային բնույթ ունի և չի իմաստավորվում Արզումանի ու նրա բախտակից մյուս գյուղացիների սոցիալական-դասակարգային գիտակցության քաղաքական աստիճանով: Պայքարը տարերային է, անկազմակերպ և դուրս չի գալիս «դատողության» սահմանից, անորոշ են պայքարի նպատակն ու հեռանկարը:
Այդ փաստը գիտակցում է նաև Աղայանը. գյուղացիները «ֆիզիկապես հսկաներ լինելով՝ հոգով ու մտքով կատարյալ երեխաներ են»,— ասում է նա վեպում:
Նրանք հողի ու ջրի համար կենաց ու մահու պայքար են մղում, բայց որովհետև դեռ չկա կազմակերպող ու ղեկավար մի ուժ, այդ պատճառով էլ նրանց պայքարը չի հասնում իր նպատակին:
Պատկերելով այդ տարերային պայքարը և ստեղծելով Արզումանի հերոսական կերպարը, Աղայանը, սակայն, գյուղացիության սոցիալական ազատագրական կռվի գաղափարն է մարմնավորում: Հենց դրանով էլ որոշվում է «Երկու քույր» վեպի տեղը հայ վիպագրության զարգացման, հայ քննադատական ռեալիզմի պատմության մեջ:
Աղայանի արձակում հետաքրքրություն են ներկայացնում նաև «Սերը արտաքսված» (1889 թ.), «Բաժանություն» (1881 թ.) պատմվածքները և «Թեմական տեսուչ» (1881 թ.) անավարտ մնացած գործը:
Գեղարվեստական առումով՝ դրանցից առավել հաջողվածը «Սերը արտաքսված»-ն է: Իր այս հոգեբանական պատմվածքում Աղայանը ցայտուն կերպով պատկերում է կրկնական նախապաշարմունքի՝ սնահավատության, կրոնական ներշնչման, երբեմն մինչև իսկ՝ ճակատագրական հետևանքը կյանքում: Հետամնաց նահապետական հայ գյուղում, մանավանդ Աղայանի ապրած