Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/152

Այս էջը հաստատված է

Դու թուրքից էլ բեթար ես դառել — ո՛չ աչքով տեսածին ես հավատում, ո՛չ ականջով լսածին, ո՛չ ինձ, ո՛չ Այսմավուրքին, էլ քեզ հետ ինչպե՞ս խոսի մարդ։

— Դու ե՞րբ ես մի ուղիղ բան ասել, որ խելքը գլխին մարդը հավատա. որտեղ մի սուտ ես լսել, բոլորն էլ գլուխդ ես հավաքել, կարծում ես թե էլ քեզանից շատ բան գիտցող, քեզանից խելոք մարդ չկա աշխարհքիս երեսին։

Ավետիքի զարմացումը հաղթեց նրա բարկությանը. նա չուզեց հավատալ, որ այդ անակնկալ գնդակը դեպի նրան ձգեց իր իսկ որդին, ուստի և շարունակեց.

— Քեզ ի՞նչ ասեմ, դու գժվել ես. դու ինքդ էլ չգիտես, թե ի՞նչ ես ասում, ում հետ ես խոսում։ Թուրքը լավ է ասել, թե «Էնպես թուրք դառար, որ հորդ խաչն էլ չճանաչեցի՞ր»։ Բայց դու էնպես ես թուրքացել. որ ոչ թե հորդ խաչը, այլ նույնիսկ հորդ էլ չես ճանաչում... Վա՜յ, վա՜յ... Էդ ո՞ր Ավետարանի մեջ է գրած, որ հոր երեսին էդ տեսակ համարձակ խոսքեր ասեն։ Դե պատասխանիր՝ տեսնեմ գրի սևն ու սիպտակը դու ես ջոկո՞ւմ...

— Դու Ավետարանի հավատում ե՞ս. քեզ պետք է Այսմավուրքից ասեն, կամ Պղնձե քաղաքի հիմար պատմությունիցն ու հիմար Խիկարի խրատներիցը, որ դու հավատաս։

— Էդ լա՜վ է, Խիկարին էլ չես հավանում, հանկարծ Սողոմոն իմաստուն չլինի՞ս դառած... Գիտես ի՞նչ կա, խելոք մարդն իր ասելիք խոսքը առաջ մտքումը կդատի, էնպես, ինչպես որ թռչունն իր ձագը կշահեցնի, որ խոսքը բերնիցը դուրս գա թե չէ՝ շահ ձագի նման թռչի, վեր չընկնի՝ տկոռ ձագի նման՝ մարդի ոտքի տակ ընկնի... Դու էնպես խոսքեր ես ասում, որ մեր տավարած Կյուքին էլ չի ասիլ. սրա՜ն մտիկ տվեք, Խիկարին էլ չի հավանում... Ափսո՜ս, ափսո՜ս կորցրած ժամանակ, մինչև հիմի եթե մեր տանը կացած լինեիր, գոնե հիմի մեկ օրինավոր տավարած կլինեիր, գնա՜, գնա՜ էգուց մեր տավարը պահիր, քեզանից գիտուն մարդ չի դուրս գալ...

— Իհարկե, որ ես էլ քեզ նման սուտ ու մուտ մասալներով խոսեմ, էն ժամանակն ինձ գիտուն կհամարես։ Աստված քեզ մի ճարտար ու սրախոս լեզու է տվել, բայց սրտումդ մի քիչ