Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/164

Այս էջը հաստատված է

միտն ընկավ իր սովորական բայաթին, որ ամեն րոպեում երգում էր, և սկսեց երգել.

Աշըղ ըմ, չա՛լ քչեղակ,
Մըհանի կանչիմ քու տեղակ,
Ախճիգ չըմ թա հըմանչիմ,
Տղա ըմ ծիլ-ծիլ կը կանչիմ...

Այս բայաթին մի շատ հին հանելուկ է, խաչենու բարբառով ասված, նշանակում է գրած բան, գիրք, նամակ։ Արությունն այս բայաթին ասեց ու սազը վեր առավ գնաց։

— Էս ո՞վ էր, տղեք ջա՜ն,— բացականչեց քեթխուդաներից մեկը զարմանալով, երբ որ Արությունն արդեն հեռացել էր բավականին, ապշություն բերելով բոլոր հանդիսականների վրա։— Էս ո՞վ էր։

— Ճմարիտ, էս ի՜նչ զարմանք էր...

— Էս ի՞՜չ հրաշք էր...

— Տեսնես երկնքի՞ցն եկավ, թե՞ գետնի տակիցը...

— Յարաբ սատանա է՞ր, թե հրեշտակ...

— Դա հողեղեն չէ՛ր․․․— խոսեց վերջապես աշըղը, երբ որ ամենքն էլ փոխ առ փոխ արտահայտեցին իրանց զարմացումը։— Հողեղեն մարդը չէր կարող իմ ձեռիցը սազ խլել։ Ես գիտեմ որ...

— Ուստեն ճշմարիտ է ասում, տղեք ջան,— միջամտեց տեր Կարապետը,— բա թամաշա չարի՞ք նրա վառված էրեսին, կասենայիր Ստեփաննոս Նախավըկայի էրեսն ըլի․․․ Անումն ինչ էր նրա՞...

— Քերոբե՜...

— Որ ասում ե՜մ... Հավատացեք, նա հրեշտակ էր, մարդի շոր հագած, էն էլ թուրքի, ախըր սուրբերը չիմ էլ թուրքի շորով են էրևում...

— Աստված դրա ոտն ուղուրով անի մեր գեղի համար․ տեսնես՝ ի՞նչ կնշանակի... քոռոնգատի՝ մեր գրբացն էլ ըստի չի, թե մի գրին մտիկ էր տվել, տեսնեինք ինչ ա ասում...

— Գրբացն ի՞նչ ա իմանում, թե հրեշտակի գալն ի՞նչ կնշանակի,— ասեց տեր հայրը.— բայց ես տեսնում եմ, որ