Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Այս էջը հաստատված է

Շեքսպիրի, Սերվանտեսի, Գյոթեի, Շիլլերի, Կոլումբոսի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի իմ ընթերցող սիրելի մանուկներին, թեկուզ նրանց լսած հեքիաթները լինեին ավելի ևս ահռելի և զարհուրելի»:

Ի պատասխան քննադատներից մեկի այն մեղադրանքի, թե՝ «Աղայանի հեքիաթները հակամանկավարժական ու վնասակար են, որովհետև սարսափելի, չեղած, սուտ բաներ են պատմվում նրանցում», թե՝ այդ հեքիաթներից մանուկ ընթերցողները վախենում, սարսափահար են լինում,— Աղայանը բացատրում է.

«Իմ նպատակն է եղել, և է՛, հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անի, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ» (ընդգծումները հեղինակինն են-Ա. Ա.):

Աղայանը բացատրում է նաև, որ մանուկ ընթերցողները հետևելով հեքիաթի դրական հերոսների սխրագործություններին, նրանց անվեհեր ու խիզախ արարքներին, ոգևորվում են նրանցով և այդպիսով չեն վախենում ահռելի դեպքերի նկարագրություններից:

Հետևաբար,— շարունակում է Աղայանը,— «ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նաև վնասակար է: Ընդհակառակը՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ: Ցանկալի է, որ մեր նոր սերունդն ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիկական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակում» (հ. III, էջ 334—335):

Հեքիաթի աղայանական ըմբռնումը շատ հեռու չէ գորկիական ըմբռնումից՝ ըստ էության շատ մոտ է նրան:

Ժողովրդական հեքիաթների գեղարվեստական մշակումների ժամանակ Աղայանը ձգտում է իմաստավորել դրանք իր հասարակական ու դաստիարակչական գաղափարներով:

Հրաշապատում ձևով պատկերելով իրական աշխարհը, մարդկային տառապանքներով լի ժամանակակից կյանքը և հեքիաթների դրական հերոսների միջոցով ոչնչացնելով չար ու վնասակար ուժերին, Աղայանը, դրանով իսկ իր ընթերցողների առաջ պատուհան է բացում դեպի այլ կյանք: Նա հույս ե ներշնչում ճնշումներից ու տառապանքներից ազատ կյանքի հնարավորության նկատմամբ, որի իրականացմանը խորապես հավատում էր ինքը:

Մշակելով ժողովրդական հեքիաթները, Աղայանը, ավելի խոր ու ցայտուն սւրտահայտչականությամբ, մարմնավորել է ժողովրդի իղձերն ու ցանկությունները: Նա ավելի ցայտուն է դարձրել դրական հերոսների կերպարները, նրանց բնավորության մեջ խտացնելով ժողովրդի վսեմ առաքինությունները, քաջությունն ու անվեհերությունը, ազնվությունն ու անձնազոհությունը, աշխատասիրությունն ու հայրենասիրությունը: Աղայանն այն համոզմունքն է ունեցել, որ հոգեկան-բարոյական այս հատկություններով օժտված իր դրական հերոսների իրական նախատիպարները եղել են և կան ժողովրդի մեջ: Եվ