Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Այս էջը հաստատված է

աղջիկ չեմ տալ... Ես հիմի կտեսնեմ, թե ո՞նց չի տալ։ Ես Քյարամի նման աշըղ չեմ դառնալ, որ ասի՝ արի աղջկաս կոճակնին բաց արա, մի գիշեր վեր կառնեմ ու հայդե...

— Պողոս, էդ թողնենք,— խոսքը կտրեց Արությունը։— Ես քեզ հետ խոսելու բան շատ ունեմ, տեղը չի եկել, որ ասեմ։ Դու լավ տղա ես, քու սիրտը չար չի, ամա շատ ես անտաշ։ Ադա, մորդ խաթրն ինչի՞ չես պահում. պառավ կնիկ ա, կսկիծից էրված, խորովված։

Արությունը, որ ծածկվել էր մի կեղծ դիմակով, և խոսում ու դատում էր Պողոսի հայացքով, այժմ սկսել էր իր դիմակը ետ քաշել, որովհետև էլ միտք չուներ նրա հետ ընկերություն անելու։ Մի կողմից իր առաջվա վիճակը, մյուս կողմից իր մոր կարոտը աներևութապես քաշում, տանում էր Արությունին, որի մեջ վառ ու պայծառ լինելով սիրո զգացմունքը, չէր կարողանում կարծրացնել մի այնպիսի սիրտ, որ ի բնե չէր ստեղծված կարծր լինելու... Արությունի առաջարկությունը՝ մոր վերաբերությամբ, Պողոսի սիրտը բնավ չշարժեց, այդ զգացմունքը նրա համար խորթ բան էր, ոչ զգալի էր, ոչ էլ հասկանալի։

— Բա՜հ, նրա քավթառ իմանը...— պատասխանեց Պողոսը։— Տո մի թող կորչի, բան չունե՜ս։ Պառավ մարդ հո չե՞ս, որ խրատ ես տալիս... Արութին, հլա ինձ ականջ դի... Ես խաչնեցոց անումը իմ պապերիցն եմ լսել... Թե որ դու նրանցից ես, հունարդ նշանց տուր...

— Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ուզում անես...

— Ինձ քոմագ արա, Արութին ջան․․․

— Ի՞նչ ա, ուզում ես տերտերի աղջկանը փախցնե՞ս․․․

— Ինձ հետ արի, քու արևին ղուրբան, Արութին...

— Չեմ գալ, ես դավի չունիմ, ինչ ուզում ես արա...

— Հը՜մ... Չես գալ հա՞... Էն տղի հերն անիծած, ով քեզ չսպանի... Մի գալ... Էլ ձեր տան երեսը չես տեսնիլ...

— Է՜յ, Լոռվա արջ, բերանդ քեզ պահի, թե չէ՛, տեսնում ես էս խանչալը, սրանով իմ հերը շատ ղզլբաշի գլուխ ա կտրել, հիմի էլ իմ ձեռքն ա ընկել... Ախմախ, տերտերը քեզ համար ա աղջիկ պահել, որ դու քաշ տաս չոլեչոլ գցե՞ս... Թե որ նա քեզ սիրում ա, ինչի՞ էն օրը ջրի ճամփին քեզ բիաբուռ