Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/193

Այս էջը հաստատված է

ինձ հետամուտ լինել և իմանալ, թե ո՞վ է արդյոք այդ պարոնը, և այդ պատճառով սկսեցի բախչի մեջը մլոլ-մլոլ անել։ Սրա վրա շատ ժամանակ չանցավ, երիտասարդը տերտերիս աջը համբուրեց և ճանապարհ ընկավ դեպի այն կողմը, որ կողմով որ ես պետք է երթայի հաց ուտելու։ Ես հասա նրա քամակից և երեխայական հետաքրքրությամբ սկսեցի երեսին նայել, ոտքին նայել, և այսպես գրավվելուս համար մի քանի անգամ էլ ոտքս քարին դիպչելով վեր ընկա և կարմրեցի, բայց չընդհատեցի իմ նկատողությունքս։

Մի վայելչակազմ երիտասարդ էր այս մարդը, նորաբույս բեղերով ու մորուքով, խոշոր աչքերով ու խիտ ունքերով։ Մի գեղեցիկ հրացան ուներ, որ արծաթաբանդ լինելով՝ վառվում էր, անդրադարձնելով արևի ճառագայթները։ Արծաթաբանդ էր և ատրճանակը, որ խրած էր արծաթի քամարի տակ, որից կախ էր արած և արծաթապատ խանչալը։ Այսպիսի զարդարանք չեն ունենում օրական աշխատանքով ապրող գյուղացի երիտասարդները, այլ նրանք միայն, որոնք հնձում են, առանց ցանելու, կամ ոչ ցանում են և ոչ հնձում են, այլ «Յա՛ ղսմաթ» ասելով՝ մի գիշերային ճամփորդություն են անում իբրև զբոսանք և առատ գրպաններ որսում մութ անտառներում։ Երիտասարդը ամենևին ուշք չէր դարձնում ինձ վրա և կարծես չէր տեսնում, որ ես որսկանի շան պես իր չորս կողմովը պտուտ էի անում և քիչ էր մնում ոտքի տակն ընկնիմ։ Այսպես շարունակվեց մեր ճանապարհորդությունը, և ես մոռացա, որ արդեն գյուղից դուրս ենք եկել։ Այս ժամանակ նոր արդեն տեսավ ինձ երիտասարդը և սկսեց հարցնել։

— Դու ո՞ւր ես գնում, բա՛լա ջան։

Ես շփոթվեցի և նոր աչք բացի, տեսա որ հեռացել եմ ճանապարհից, սկսեցի կցկտուր կերպով պատասխանել, թե ես գնում եմ հաց ուտելու։

— Դու ո՞ւմ տղան ես,— հետո հարցրեց։

Ես պատասխանեցի։

— Հա՜... մեր... տղան ես... Դե գնա՛, բալա՛ ջան, գնա հաց կեր։

Մեր... ասելով, ի՞նչ ուզեց ասել, չհասկացա, բայց բնազննությամբ ենթադրեցի, թե սա իմ ազգականը պետք է լինի։