Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/196

Այս էջը հաստատված է

— Ի՞նչ ես փիքր անում, Ա՛րզուման,— հարցրեց մնացողներից մեկը մյուսին՝ կրակի վրա նորանոր գերաններ դնելով. թեն առանց էն էլ, ոչ թե մեկ, այլ քսան խոզ էլ կարող էր խանձել: Երբ որ վեց հոգին գնացին և մնացին այս երկուքը. դոքա սովոր լինելով այդպիսի բաների, ոչինչ մտածողության մեջ չընկան, թե արդյոք իրանց ընկերքը հաջողությամբ կվերադառնա՞ն, թե՞ կընկնին թակարդի մեջ և վաղը իրանց անունն էլ նրանցի հետ կխայտառակվի ջահիլությունը մոռացած ծերերի առջև։

— Ես ոչինչ բանի վրա փիքր չեմ անում,— պատասխանեց Արզումանը,— բայց էս գիշեր մեկ երազ եմ տեսել, էս սաղ օրը դրա վրա եմ միտք անում, թե յարաբ ի՞նչ պետք է պատահի։

— Խե՛ր ըլի, ասա տեսնեմ ի՞նչ ես տեսել։

— Մի սիպտակ ձիու վրա նստած էի։ Էնպես մի ձի էր, որ աստղերի հետ էր ուզում խաղա։ Ես էլ յարաղս կապել էի, ամեն սարքուկարգը վրաս էր։ Գեղի առաջին խաղացնում էի ձիս, բոլոր գեղացիք ինձ էին մտիկ տալիս, ինձ էին թամաշա անում ու շատերն էլ կանչում էին — վե՛ր արի, վեր կընկնիս։ Ես նրանց չէի լսում, ես մտիկ էի տալիս, որ տեսնեմ Հերիքնազս էլ ինձ տեսնո՞ւմ է թե չէ։ Հենց էս փքրումն էի, մեկ էլ տեսնեմ մի քանի հարս ու աղջիկ, Հերիքնազս էլ նրանց միջին, ճանապարհի ղրաղին կանգնել, ինձ են թամաշա անում։ Էս որ տեսա, ավելի տաքացա ու ձիուս գլուխը բաց թողի։ Ձին թռավ, էլ չկարացի թե գլուխը բռնել էի...

— Հետո՞, ո՞ւր գնաց ձին։

— Ձին քոռացավ, թե աչքերն արնով լցվեց, չեմ գիդա, ճամփեն ծռեց ու մի բաշ ընկավ էդ աղջկերանց մեջը։ Էրկու հոգի ընկան ձիու տակռ, ձին գլխի վրա տնկվեց, ես էլ բերանաքսվեր գետնին փռվեցի։ Սրա վրա զարթեցի։ Ի՞նչ կասես, սա լա՛վ նշան չի։ Ձիու տակ ընկնողը Մարիամն ու Հերիքնազն էին։ Աշկարա երևում էր, որ ես մուրազիս չպիտի հասնեմ։

— Ի՞նչ ասեմ, օրը գիտե։ Շատ անգամ մարդ փիս երազ էլ տեսնում է, բայց թե օրը բարի է, երազն էլ բարին է կատարում։