Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/198

Այս էջը հաստատված է

— Տղե՛ք, չլինի խեղճի օրը սևացրիք։

— Չէ՛, ծիծաղ էր, ծիծաղ։ Դեռ էսպես խելոք բան չէինք արած։— Մտանք բաղը թե չէ, գնացինք բաղվանչու դագին մտիկ արինք, տեսանք էնտեղ չի։ Դես ու դեն ընկանք, տեսանք վերի մեծ խնձորքի տակին քամակի վրա պառկած խռմփացնում ա։ Մենք էլ էս կուզեինք։ Շալվարս հանեցի տվի Մագոյին, ասի դու գնա արխային հաղող քաղի, ես սրան կպահեմ։ Մագոն գնաց, ես ուսուլով մոտեցա բաղվանչուս, խանչալս հանեցի ու մահվան հրեշտակի նման գլխավերևը կանգնեցի։ Մի խելիմ ժամանակ մեռածի պես խռմփացնում էր, մեկ էլ էրազ տեսա՞վ, խշխշոցն ականջ մտա՞վ, թե մոծակները զոռեցին, մեկ էլ տեսնեմ սա ժաժումաժ ա գալի։ Չէ՛,տեսա, որ սա գլուխն էլ ա ուզում բարձրացնի, ես խանչալս պսպղացրի։ Բաղվանչիս մահն առաջին տեսավ թե չէ, քաղցր քնի մեջ մտավ։ Մագոն իրա բանը որ պրծավ, բաղիցը դուրս եկավ, ինձ շվացրուց։ Մենք կիսաճամփի էինք, որ բաղվանչին նոր վեկացավ, քամակներիցս թվանք գցեց. մեկէլներն էլ նրա ձենի վրա իրանց թվանքները դարդկեցին․․․

Խոզի գնացողները նույնպես եկան։ Սրանք էլ իրանց արածները պատմեցին և շուտով կատարեցին խոզի «աուտոդաֆեն», այսինքն խանձեցին։ Արզումանը ոչինչ բանի ձեռք չէր տալիս, ոչինչ չէր խոսում, միայն երբ որ խոզը մաքրեցին և կտրտելու վրա էին, առաջարկեց, որ մի անդամը (ազդրը) կտրեն, տան իրան և թողնեն երթալու գյուղը։ Տղեքը հասկացան նրա միտքը և իսկույն կատարեցին նրա խնդիրը։ Արզումանն ամեն բանից իր բաժինն առնելով՝ ճանապարհ ընկավ ոտքով դեպի մի աննշան խրճիթ, իսկ երևակայությամբ դեպի Մուհամմեդի յոթներորդ երկինքը։


Գ

Դ․․․ գեղի վերի թաղումը մի տուն կար բոլորովին կղզիացած մյուս տներից։ Այդ տան չորս կողմովը բավականին բարձր չափար էր քաշած, որ պարսպի չափ ամրություն ուներ, և ինչպես ասում են հեքիաթներումը, ղուշն իրա թևովն,