Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/200

Այս էջը հաստատված է

օջախի քարից համբուրում և ծերունազարդ Հակոբի օրհնությունն ստանալով՝ գնում էին իրանց մուրազին հասնում։

Ահա այս տանից մնացել էին երկու աղջիկ միայն։ Մեծի անունը Մարիամ էր, իսկ փոքրինը՝ Հերիքնազ։ Մարիամին մի ղարաբաղցի մարդ ուզել էր և տան փեսա դառել, Հերիքնազին էլ իրենց մոտ էին պահում։ Հայտնի բան է, այն մեծ տանը չէին բնակում, այլ մի ուրիշ փոքր սենյակում։ Մարիամը շատ սիրուն էր, Հերիքնազն աննման էր, երկու հյուրի-փարի։ Մարիամը ուզում էր Հերիքնազին տալ Արզումանին, հետևելով յուր սիրելի քրոջ սրտի ընտրությանը։ Արզումանը նույնպես մեծ օջախի որդի էր, բայց այժմ յուր մոր մինուճարն էր։ Նա չուներ ոչ հարստություն, ոչ մի ուրիշ բան, բայց միայն մի քաջություն, մի անվեհեր սիրտ, որ շատ անգամ ի չարն էր գործ դնում։ Մի տեսակ ժառանգական հպարտություն կար նրա մեջ, որովհետև նա իր չքավոր տեղովը հարուստ ու կարող մարդու շլինք չէր ծռում և նրանց բոլորին իրան թշնամի, իր հայրական սեփականության հափշտակից համարելով՝ միշտ աշխատում էր վնասել նրանց, որքան որ իր ձեռքիցը կգար։ Արզումանի ահից ոչ ոք չէր կարողանում մի լավ ձի պահել։ Այս տղան ոչինչ բան չէր գողանում բացի ձիուց։ Սրա պատճառը հոգեբաններն ավելի լավ կիմանան. միայն պետք է այս էլ ասեմ, որ այսուամենայնիվ անհնարին բան էր, որ մի անգամ Արզումանին տեսնողը չսիրահարվեր նրա վրա․ իր բարեկազմ և կատարելատիպ հասակի հետ մի գրավող և քարշողական զորություն էլ ուներ այդ տղան։ Այդ հատկությամբը նա կախարդում էր իր բոլոր ընկերներին և ամեն մի խումբ կազմելիս միշտ նրան էին ընտրում իրենց գլխավոր, նա էր լինում տնօրենը, առաջնորդողը, հրամայողը։ Նրան սիրում էին յուր թշնամիներն անգամ ու շատ անգամ տեղը եկած ժամանակ ասում էին․ «Մի ձի չի՞, մենք գիտենք, որ դու ես տարել, բայց քու չարին փոխ ըլի»։ Պետք է այս էլ գիտենալ, որ այս գեղացիքը այն գեղացիներիցը չեն, որոնց մեջ մի քաջ երիտասարդի երևիլը հազվագյուտ բան լիներ, և այդպիսի մեկը երևելուն պես սարսափ գցեր ամբողջ գյուղի վերա։ Գող