Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/201

Այս էջը հաստատված է

Եղիկը, որ սարսափեցնում էր ամբողջ Շիրակը, այս գյուղը մտած ժամանակ հավի պես կուչ էր գալիս, գիտեր, որ այս տեղի ամենահետինը անգամ իրան բանի տեղ չի դնիլ։


Դ

Կես գիշերը մոտ էր լրանալու։ Լուսնյակը մի ջիդաբոյ (նիզակաչափ) բարձրացել և արեգակի ճառագայթները գողանալով սփռել էր մի անկողնու վրա։ Այդ անկողինը մի սրահի մեջ էր, որ ուղիղ դեպի արևելք էր նայում։ Նախընթաց գլխում հիշած ցանկապատի մեջն էր այդ սրահը, և Մարիամն ու Հերիքնազն էին նույն անկողնու մեջ պառկած։ Քնո հրեշտակը տարածել էր նրանց վրա իր թևերը և շատ քաղցր երազների մեջ էին նրանք այս րոպեիս։ Մարիամի մարդ Շամիրը, որ իր բոլոր կյանքը որսորդությամբ էր անցկացնում, այժմ քաղաք էր գնացել յուր աշխատությանց պտուղը տնական կարիքների հետ փոխանակելու։ Նա հրացանը երկու գնդակով լցրել, կախել էր իր կնոջ մոտ, խստիվ պատվիրելով, որ մի անհավատարիմ ոտք էդտեղ մտնելուն պես առանց երկար մտածության զոհվի դրան։ Հերիքնազն էլ իր համար մի ատրճանակ ուներ և դրա վրա միշտ փորձ անելով ուզում էր իր սիրածի ունեցածին հասցնել յուր ճարտարությունը։ Երբ իմանում էր այսինչ նշանի խփելու խալաթը Արզումանը ստացավ, նա այդ օրը մի տասն անգամ ավելի էր կրկնում իր փորձերը, որոնց ձայնը լսելով՝ դրացիները կարծում էին, թե Շամիրը կլինի անպատճառ։ Թեև Հերիքնազից ամեն բան կհավատային, բայց այդ բանին ականատես չէին լինում։ Շամիրը միշտ գանգատվում էր, թե բարութս պակասում է, և չէր գլխի ընկնում, որ Հերիքնազն է նրա վառոդի գողը։

Լուսնյակի շողքը ուղիղ Մարիամի երեսին ընկնելով՝ զարթացրեց նրան․ հենց այդ ժամանակ մի ոստյունի ձայն հասավ ականջին։ Արզումանն էր այդ, որ չափարի վրայից թրմփաց։ Մարիամը փոքր-ինչ ահ զգաց և ձեռքը մեկնեց դեպի հրացանը, բայց մեկ էլ մտածեց, որ սա անպատճառ Արզումանը կլինի, որին անհամբեր սպասում էր, թեև չէր պատահած ոչ մի անգամ, որ գիշերով նրան հյուրընկալած լինի։ Ասում