Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/202

Այս էջը հաստատված է

են՝ սիրտը սուրբ կըլի ու նախազգալու զորություն ունի։ Ղորթ է թե սուտ այս բանը, ես չգիտեմ, միայն այս անգամ ճշմարտացավ Մարիամի նախազգացմունքը։ Շտապով հագավ նա իր շորերը և նստեց տեղի մեջ։ Արզումանն արդեն գիտեր Շամիրի բացակա լինելը, այդ պատճառով համարձակ առաջ գնաց և Մարիամին տեսնելով՝ «Բարի իրիկուն» ասաց։

— Արզուման, դու ե՞ս,— հարցրեց Մարիամը, որպես թե լավ չճանաչելով։

— Ես եմ,— պատասխանեց Արզումանր։

— Էդ ի՞նչ կա ձեռիդ։

— Ոչինչ, մի քիչ միս է, մի քիչ էլ հաղող է ու խնձոր։

Մարիամը վեր կացավ իսկույն, ձեռքից առավ այդ բաները և իրան համեցեք արավ նստեցրեց, պատվիրելով, որ Հերիքնազին չզարթացնի։

Հերիքնազը զարթել էր և սուտ քունն էր դրել իրան, գլուխը յորղանի մեջ թաղելով։ Բայց Արզումանը նայելով այդ յորղանին, սաստիկ բարկանում ու նախանձում էր, որ իր սիրուհին իր աչքի առաջ այդպես անգթությամբ փաթաթել, անջրպետել է իրանից։ «Ես դեռ մի վերմակի չափ երջանկություն չունիմ», երևի ասում էր նա իր մտքումը։ Նրա երևակայության առաջ այս րոպեիս, յորղանը, դոշակը, բարձը, անկողնակալը և մինչև անգամ շրջակա պատերն ու քարերը ոգի ստացած՝ որն ուրախանում ու համակրություն էր ցույց տալիս իրեն, որն էլ տնազ էր անում և խնդում Արզումանի վրա։ Նրա աչքում յորղանը այս վերջիններից էր անշուշտ։ Մարիամը Արզումանի բերածները տեղավորելուն պես, ետ քաշեց կրակի անթեղը և խանձողների ծայրերն իրար մոտեցնելով, կրակը վառեց։ Մի քանի րոպե չանցած՝ ձվածեղ շինեց և մի քանի շամփուր խորոված։ Արզումանը շատ ասաց, որ իշտահ չունեմ, հաց եմ կերել, ջափա մի՛ քտաիլ, թեև սուտ էր ասում, և Մարիամն էլ թեպետ հավատում էր նրա խոսքին, բայց անկարելի բան էր, որ իր ուզածը չաներ։

— Դե որ էդպես է,— ասաց Արզումանը,— քրոջդ էլ վեր կացրու, թող նա էլ գա հաց ուտի. մինչև նա չվեր կենա, ես թիքա չեմ դնիլ բերանս։

Մարիամը համաձայնության ժպիտ ցույց տվավ ու գնաց,