Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/203

Այս էջը հաստատված է

ներսը շոր փռեց, ճրագ վառեց, սուփրա գցեց, Արզումանին ներս կանչեց, նստացրեց ու դուրս եկավ, որ քրոջը զարթացնի։

Արզումանը ներս գնաց թե չէ, սուտ քնած Հերիքնազը գլուխը բարձրացրեց և սկսեց չեմ-չեմ անել քրոջ առաջարկությանը և կամակորվելով՝ չուզեց ներս գնալ։ Մարիամը ներս գնաց ու ուզեց սուտ ու մուտ պատճառներով քրոջ չգալը թույլատրել։

Արզումանը ավելի պարկեշտության վերագրելով այդ բանը, լռեց, բայց հալալ հաց էլ չկերավ։ Նա ավելի լավ էր համարում Հերիքնազից մոտիկ քաղցած նստել, քան թե նրանից հեռու՝ առատ սեղանին։ Շուտով դուրս եկավ իր առաջվա տեղը նստեց։ Մինչև Մարիամը սուփրեն կհավաքեր, ամեն բան իր տեղը կդներ, Արզումանը աչքը գցել էր ճրագին ու տեսնում էր, ինչպես գիշերաթիթեռնիկը ճրագի չորս կողմը պտտվելով՝ այրում էր իր թևերը, որով վերջապես խեղացավ բոլորովին, և ընկնելով ճրագի վրա, այրվեց։ Արզումանը, որի համար այդ րոպեն ամենայն բան սեր էր շնչում, սկսեց կցկտուր խոսել — «ճրագին սիրում է փարվանան, գլխովը պատվում է, բայց անգութ ճրագը նրան չխղճալով՝ էրում է»։

Այս լսեց Հերիքնազն ու սկսեց փնթփնթալ քթի տակ, թե «փարվանան ճրագը չի սիրում, ուզում է հանգցնել նրան, նա էլ ջգրու էրում է»։

«Լեզվիդ մատաղ», ասաց Արզումանն իր մտքումը, «էդ քաղցր լեզվովդ, որ դու անիծես էլ, ես օրհնենքի տեղ կընդունեմ»—Ախչի, էդ ի՞նչ ասացիր, մեկ է՛լ ասա,— ստիպեց Արզումանը։

— Ասեցի, որ հասկանաս, չասեցի, որ սովորես,— պատասխանեց Հերիքնազը իր սովորական հեգնական ձևովը։

— Ես հասկացա, ինչ որ ասացիր։

— Որ հասկացար, էլ ինչի՞ ես ասում՝ «մեկ էլ ասա»։

— Հենց էնպես, ուզում եմ խոսացնեմ։ Ինչ որ մեծացել ես, էլ քու խոսելը չեմ լսել, հենց իմանում էի, թե խոսելը մոռացել ես։ Ամմա ինչ կմոռանաս, դուն էն պտուղն ես, որ... Մի՞տդ է, որ մի օր բաղիցը տուն գալիս, էնքան խոսեցիր, որ ես ասացի՝ «Ախչի՛, քիչ խոսի, գլուխս տարար», դու էլ բարկացար վրես․․․ Ո՞վ գիտեր, թե հետո դու էդպես...