Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/204

Այս էջը հաստատված է

— Էդպես ի՞նչ։

— Հիմա էլ ես չեմ ասիլ քու ջգրու։

— Մի՛ ասիլ, ես էլ չեմ խոսիլ քեզ հետ, որ էլի չասես «գլուխս տարար»։ Թե դու լավ մարդ ես, էս կես գիշերին ինչի՞ ես եկել մեր տուն։ Դու չէիր գիտում, որ Շամիրը տանը չի՞։

— Գիտում էի, էնդուր եկա։

— Որ եկար, ի՞նչ կարող ես անել, հրես դաբանչեն կշտիս դրած, ո՞վ կարա ինձ մոտենալ։

— Դաբանչեդ ինձ համար ես դրել կշտի՞դ․․․ Էլի էն գիժ աղջիկն ես, Հե՛րիքնազ, ես հենց իմացա թե հմի խելոքացել ես... Ա՛խչի, ա՛խըր․․․

— Ախր ի՞նչ...

— Ոչինչ... Դու ասում էիր չեմ խոսիլ, բա ինչի՞ ես էդքան խոսում։

— Ի՞նչ անեմ, զոռով խոսեցնում ես։

— Դե մի լավ բան խոսի, մի հեքիաթ ասա, ականջ դնենք։

— Ես հեքիաթ չեմ գիտում, դո՛ւ ասա, ես ականջ կդնեմ։

— Վայ թե խաբես ինձ, դու քնես, ու ես հենց իմանամ թե ականջ ես դնո՞ւմ։

— Չեմ քնիլ, ասա՛։

— Դե ականջ դիր, ասեմ։

— Լսում եմ։

— Էլել ա, չի էլել, մի աղջիկ ա էլել...

— Անումն էլել ա Հերիքնազ...

— Չէ՛, Հերիքնազ չէ, թող ասեմ։

— Լա՛վ, դե ասա՛։

— Էդ աղջիկը ունեցել ա...

— Մի քույր, անումը Մարիամ. լա՛վ դե ասա.

— Էդ աղջիկն ունեցել ա մի պառավ մեր․․․

— Էդ Գյուլլուզարն ու իրան աղջիկն են, իմացա, իմացա...

— Էլ չեմ ասի, ականջ չես դնում, դու չարություն ես անում, քեզ պետք է պատժեմ...

— Հը՞... ձեռք չտաս թե չէ, հրես լիքը դաբանչեն կշտիս դրած...

— Աբա տեսնեմ, էդ ի՞նչ դաբանչա է...

Այստեղ Արզումանը Հերիքնազի երկու ձեռքը ճանկը գցեց