Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/205

Այս էջը հաստատված է

ու սկսեց մի ձեռքով մի թուշին, մյուսով մյուս թուշին թեթև ապտակներ տալ և ցավն ամոքել ջերմ համբույրներով...

— Դե հիմա խելոք կկենա՞ս թե չէ,— խոսեց վերջապես Արզումանը։

— Թող, թե չէ՝ ձեռքդ կկծեմ․․․

— Չեմ թողնիլ, մինչև չասես՝ սիրում ես ինձ, թե՞ չէ։

— Դե թո՛ղ, լավ։

— Չէ՛, պիտի ասես։

— Արզուման ջան, թո՛ղ, հո՛գուդ մատաղ։

— Ե՛ս քեզ մատաղ, ե՛ս։ Ասա մի անգամ. «քեզ սիրում եմ», էս սհաթիս թողնեմ։

— Ինչի՞, զոռով ե՞ս, չեմ սիրում։

— Բաս հիմի կթողնեմ, իմացա... տեսնում եմ, որ ինձ չես սիրում։— Արզումանը խռովածի պես եղավ և ուզեց թողնել Հերիքնազին։ Բայց հիմի էլ Հերիքնազը իր հերթին չթողեց նրան և երկու ձեռով փաթաթվեց շլինքին։ Արզումանի սիրտը այնպես շարժվեց, որ քիչ մնաց լաց լինի։

— Էլ ինչի՞ ես հարցնում, դու չե՞ս գիտում, որ սիրում եմ քեզ։ Սերը սրտումը կլինի, ոչ թե լեզվումը. որ չսիրեի, քեզ ո՛վ կարող էր էստեղ ներս թողնել,— ասաց Հերիքնազը և համբուրեց Արզումանի ճակատից։

— Բաս ինչի՞ չվեր կացար էլախտ, որ քեզ կանչեցինք։

— Ամանչեցի․․․

— Ամանչեցի՞ր, ա՛յ թե ամանչեցիր․․․

— Դե լավ, թո՛ղ հիմի...

Մարիամը լսելով, որ սոքա իրարու մեջ խոսակցություն են բաց արել, գիտությամբ մլոլ էր անում տանը, որ չգա և սրանց խոսակցությունը չխանգարի, բայց տեսնելով, որ ջահիլները շատ են չարություն անում, դուրս եկավ, որ խելոքացնի։

— Էդ ի՞նչ քաղցր զրիցի մեջ եք, Արզումա՛ն։

— Ա՛խչի Հե՛րիքնազ, չես ամաչո՞ւմ, ինչի՞ ես խոսում։

— Բա ինչի՞ ա ինքը խոսում։

— Տղի ադաթն ա, կխոսի, աղջիկը պիտի չխոսկան կենա։

— Ինչի՞, ես ի՞նչ մեղավոր եմ, որ աստված ինձ աղջիկ է ստեղծել։ Էլ էս լեզուն ինչի՞ համար է, որ չխոսեմ։