Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/206

Այս էջը հաստատված է

— Լսում ե՞ս, Արզուման, ինչե՞ր է ասում մեր աղջիկ պարոնը։

— Շատ ըղորթ է ասում, ես ու իմ աստվածը։

— Հիմի կդրստես, մարդոց խասիաթը էդպես է։ Հիմա սա սուտ էլ որ ասի, քեզ ըղղ․․․

Ցանկապատի դռան թխթխկոցը Մարիամի խոսքը դանակի պես կտրեց։

— Շամիրն է. Արզուման, շուտ արա՛ հեռացիր, թե չէ գլխներիս փիս բան կգա։— Այս ասելով ճրագը հանգցրեց Մարիամը։ Մթնից օգուտ քաղելով՝ Արզումանը մի վերջին համբույր էլ տվավ իր Հերիքնազին ու իսկույն հեռացավ։


Ե

Մարիամը դեռևս դուռը բաց չարած, փեսացու այցելվի հետքերը աշխատեց ոչնչացնել։ Հաղողը, միսը թաքցրեց քունջ ու պուճախներումը, կրակը անթեղեց և ճրագը հանգցրեց։ Վերջապես դուռը բացվեց, Շամիրը ներս մտավ, իջավ ձիուցը, վեր բերավ խուրջինը և սկսավ ձին ման ածել հայաթումը։ Այդ երթևեկելու ժամանակ մի ոստյունի ձայն հասավ նրա ականջին։ Չափարի չորացած փուշը ճրթճրթալով՝ իմացուց Շամիրին, որ մի ծանր ոտք նրան ճնշեց վերևից։

Աստված մի՛ արասցե, որ մարդ խայնության կրքով վարակված լինի։ Չկա ոչինչ ցավ, ոչինչ ախտ, որ դրա չափ հալումաշող լինի մարդու հոգին։ Ինչ ասես, որ այդ րոպեին չմտածեց Շամիրը։ Մարդիկ սովորաբար արթուն ժամանակ շատ բան են ցնորում, երևակայում, երազում, նայած թե ով ինչպիսի հոգեկան տրամադրություն ունի, ինչ ձգտում, ինչ բաղձանք և վերջապես ի՛նչպիսի կիրք և բնավորություն, ինչպիսի ճաշակ և հասկացողություն։ Մարդիկ կան, որ միշտ ուրախ են, միշտ զվարթ։ Սրա պատճառն այն է, որ նրանք բարի սիրտ ունին, հանգիստ խիղճ և մի վառ երևակայություն, որով իրական աշխարհից վերացած՝ միշտ իդեալական աշխարհումն են ապրում։ Այդպիսիները, որքան էլ անբախտ լինին, դարձյալ ամենից երջանիկն են։ Խելոք մարդը իր հոգու բոլոր հատկությունները իր բախտավորությանը կծառայեցնե,