Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/209

Այս էջը հաստատված է

անպատճառ»։ Այս անտեղի կասկածը հալում, մաշում էր Շամիրին։ Նա սկսեց ամեն մի տեղ գնացած ժամանակը երկար միջոց նշանակել և ինքը միշտ վաղօրոք երևիլ երբեմն մեջ գիշերին, երբեմն փոքր-ինչ ուշ կամ վաղ, որ իր կնոջ մոտ մարդ գտնի և կատարելապես համոզվի իր կասկածանաց մեջ, բայց երբեք չհաջողեցավ նրան այդպիսի մի բանի հետք նշմարել։ Եվ այս անհաջողությանց համար փոխանակ ուրախանալու, փոխանակ խոստովանելու նրա անմեղությունը, բարկությունն ավելի էր գալիս, թե ինչո՞ւ իր բոլոր ճիգն ու աշխատանքը իզուր են անց կենում։ Սրա համար միշտ առիթ էր փնտրում Մարիամին ծեծելու, և այդպիսի առիթներ քիչը՝ շաբաթը մի անգամ գտնում էր, բայց սրանով ոչ միայն չգրավեց Մարիամի սերը, այլ ավելի ևս զզվացրեց նրան և սաստկացրեց նրա ատելությունը։ Այս անգամ ահա, որպես թե հաջողեցավ իրան վերջապես մի բան նշմարել, բայց ի՞նչպես սկսեր գործը, երբ ոչ ոքի երես չտեսավ։ Մտածեց, որ լռե մի առժամանակ, և լռեց։ Բայց վա՛յ այն լռելուն, որ սա լռեց։ Միայն արտաքուստ էր այդ լռությունը, իսկ ի ներքուստ՝ տանջում, մաշում էր ինքն իրան զանազան ցնորքներով։ Ներս գնաց վերջապես Շամիրը և լուռ ու մունջ շնթռկեց իր համար գցած տեղումը։


Զ

Արզումանը գնաց։ Մյուս օրը հախսը իրանն էր, այսինքն իր համար պիտի վարեին։ Տղայոց մոտ հասավ թե չէ, զարթեցրեց նրանց, թե եզնիքը վեր են կացել, կցրվեն, կկորչեն, առավոտյան ման կգանք, էլ չենք գտնիլ։ Առավոտյան արշալույսը երևաց թե չէ, հավաքեցին եզները, ականեցին ու յուրաքանչյուր գութանի եզները ջոկջոկելով, տարան լծելու։

— Ա՛րզուման, ո՞ր տափդ պիտի գնանք,— հարցրեց մաճկալը այնպիսի ձայնով, որ կարծես Արզումանը իրանից մի վերստ հեռու լիներ։

Այս գյուղացիք սովորություն ունեին խիստ բարձրաձայն խոսելու։ Նույնիսկ միմյանց կից, մի օջախի չորս կողմ նստած ժամանակ այնքան բարձր են խոսում, որ խամ մարդը