Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Այս էջը հաստատված է

բնավորության կազմավորման և աշխարհաճանաչողության հիմնական միջոցն է: Այդ ելակետն ունենալով՝ Աղայանը՝ բանաստեղծությունը և ընդհանրապես գեղարվեստական խոսքն էլ, մասնավորապես նախադպրոցական և դպրոցական փոքր հասակի մանուկներին՝ տալիս է իբրև «մանկական խաղ», որպեսզի նրանք սովորեն և ըստ այնմ «խաղան»: Ահա թե ինչու նախադպրոցականների համար գրված նրա մի շարք ոտանավորներ կրում են «մանկական խաղ» ենթավերնագիրը, ինչպես օրինակ՝ «Ծիտը և բազեն» (1882), «Աքաղաղ» (1882), «Հնձվորներ» (1882 թ.), «Տիկնիկի» (1889), «Ծիծեռնակի գալուստը» (1910) և այլն:

Չափածո խոսքով կազմված այդ «խաղերը» փոքրիկները լսում ու զվարճանում են, բայց նրանք միաժամանակ բնության և իրենց անմիջական հասարակական միջավայրի երևույթներն են սկսում ճանաչել, և ուրեմն որոշ նպատակադիր ուղղությամբ ու ոգով՝ ձևավորվում, զարգանում է երեխաների զգացմունքային աշխարհը: Այդպիսով նախապատրաստվում է նաև նրանց բարոյական կերպարի ու կամքի ձևավորումը: Սակայն բանաստեղծի հետապնդած այդ նպատակը, «տենդենցը» չի երևում մերկ ձևով, այլ բխում է ոտանավորի գեղարվեստական հյուսվածքից, նրա, իբրև իրականության (ըստ որում և բնության) ռեալիստական պատկերման բուն էությունից:

Բացի «մանկական խաղերից» Աղայանն ունի նաև քնարական ու նկարագրական բանաստեղծություններ՝ բնության (մասնավորապես ծաղիկների ու արևի), գյուղական կյանքի և աշխատանքային առօրյայի մասին՝ գրված ցայտուն, ռեալիստական հմայիչ պատկերավորությամբ («Մանուշակ», «Առավոտը գյուղում», «Ամիսներ և չորս եղանակ», «Հովվի անկողինը», «Ջաղացպանի ննջարանը», «Պարտիզպան» և այլն):

Իր ձևով ու պատկերավորությամբ մանուկների համար է գրված նաև «Ձմեռ» բանաստեղծությունը (սկզբում՝ «Սառնամանիք» վերնագրով՝ տպված՝ 1884 թ. «Աղբյուր» մանկական ամսագրում):

Այդ երկու վերնագրերն էլ նույն այլաբանական իմաստն ունեն և ճիշտ են արտահայտում բանաստեղծության գաղափարական բովանդակությունը: Հեղինակի խոսքը միայն առերևույթ վերաբերում է բնությանը, տարվա դաժան եղանակին: Եվ միայն իր ձևով է այն հասցեագրված մանուկներին: Իրականում «Ձմեռ»-ը մանուկների անունով, ըստ էության ուղղված է հասակավոր սերունդներին՝ ամբողջ ժողովրդին, որովհետև հեղինակն այլաբանորեն պատկերում է ցարական ռեժիմի դաժանությունն ու ծանրությունը ժողովուրդների, այդ թվում և հայ ժողովրդի նկատմամբ: Բանաստեղծության այլաբանական բնույթն ավելի հասկանալի է դառնում, երբ նկատի ենք ունենում 80-ական թվականների սկզբին ցարական Ռուսաստանում տեղի ունեցած դեպքերը, որոնք կապված են Ալեքսանդր 3-րդի տիրապետության և նրա կիրառած քաղաքականության հետ:

Իսկ որ իրոք, Աղայանը «ձմեռվա» այլաբանական պատկերով նկատի ունի ցարական բռնակալությունն ընդհանրապես և Ալեքսանդր 3-րդի գահակալությունը մասնավորապես, այդ երևում է հետևյալ որոշակիորեն ակնարկող տողերից: Բանաստեղծն ասում է.