Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Այս էջը հաստատված է

կկարծի թե խոսողի զրուցընկերը նրա կողքին չի նստած, այլ կամ կտրին է, կամ մի այլ սենյակում, միջնապատով անջրպետված իրանից։ Իսկ հայերեն չիմացողը կկարծի, թե սրանք ոչ թե խոսում են սիրով, այլ կռվում են, և մի մեծ վեճ կա իրանց մեջ։ Ի՛նչ ասել կուզի, որ վեճ ու կռիվ եղած ժամանակ էլ խոսելու ձայնն այնքան է բարձրանում, այնպիսի բղավոց ու ճղավոց է լինում, որ ինչքան չափազանցացնես, դարձյալ իսկականի ստվերը կլինի։

— Վերի հողերը, Ճաղարանց տափը,— պատասխանեց Արզումանը ավելի մեղմ և տխուր եղանակով։

— Հը՜մ․․․, գիշերս կռվի երազ եմ տեսել․․․

— Երազ էլ որ տեսած չլինես, կռիվը լինելու է անպատճառ։

— Հիմի գնա՛նք, ինչ կլինի, կլինի...

— Գնա՛նք,— մաճկալը հրամայեց և գութանը ճըլվստալով գնաց դեպի Ճաղացանց Թաթոսի տափը։

Մենք մի առած ունինք, որ ասում է. «խոփդ սուր է, բայց հանդը բաժանովի է»։ Այս առածը խեղճերն են ասել, իսկ իշխողներն ուրիշ առած են ունեցել, որ է՝ «Քաջերի սահմանը իրանց զենքն է»։ Գյուղացիք սովորություն ունին՝ վարելու հողը բաժանելու իրանց մեջ ամեն տասը կամ տասնըհինգ տարին մեկ անգամ, բայց ամեն անգամ հեշտությամբ չեն բաժանում, քիչ հողատերերը սկսում են կռվել շատ բաժին ունեցողների հետ, և եթե մի կերպ բաժանում են, ավելի ուժեղները թույլ չեն տալիս իրանց հողին ուրիշը մոտենա։ Նվազած օջախների հողերը վարում են զորեղները և նրանց վերջին միակ շառավիղը չափահաս դառնալով՝ հող չի ունենում վարելու։ Այսպիսիներին քյոխվան մի կերպով պահպանում է, ավելի հող ունեցողներից մի կտոր տալով, մինչև օրինավոր բաժին լինելը։ Ճաղացանց Թաթոսը Արզումանի հոր բաժինը սեփականել էր, քյոխվան էլ հրաման էր տվել Արզումանին, որ գնա նրա տափերից մեկը վարի։ Հիմա տեսնենք ի՛նչ է դուրս գալիս սրանից։

Գութանը տեղ հասցրին, և հազիվ հինգ վեց ակոս էին արել, հանկարծ գյուղի մեջ մի շփոթ ընկավ։

— Ադա՛, Մա՛րտիրոս, Կի՛րակոս, հա՛սեք, մեր տափը վարում