Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/211

Այս էջը հաստատված է

են։ Մեկ տեսեք էդ ո՞վ ա, էդ աչքերն արնով լքցվածը, մեծ թիքեն ականջը թողեցեք,— ասաց մի թեև ալևոր, բայց բավականին ժիր ու առույգ մարդ։

Սա ինքն էր Ճաղարանց տան նահապետ՝ Թաթոսը, որ տասը, տասներկու տղա ուներ, մի այդքան էլ եղբորորդիք, երկու այդքան թոռներ...

— Էլ ո՞վ պիտի ըլի, Արզումանն ա։ Բա չլսեցի՞ր երեկ, որ քյոխվիցը տափ էր ուզում, նա էլ մեր հողը նշանց տվավ, թե՝ գնա՛ վարի։

Այդպես խոսեց Թաթոսի տղան, որով ուզեց ցույց տալ, որ քյոխվեն էլ իր հորը մարդու տեղ չի դնում, նրանից չի վախենում, չնայած, որ Թաթոսն էր նրան քյոխվա շինել, և երբ ուզենա, կարող է դուրս անել։

— Տո՜ ես քյոխվի․․․ Տո հա՛սեք, տղամարդիք չե՞ք... Ես գող Արզումանի համար եմ փուշ կտրել, տակռի հանել, քարերը հավաքել, խամհատել, որ նա գա էս օրվան օրը իմ մուլքը ձեռքիցս խլի՞... Տո հա՛սեք, բա դուք տղամարդիկ չե՞ք, էլ ո՞ր օրվա համար եմ ձեզ հաց տվել, պահել։

Այսպես՝ ալևոր գազանը, որ իր կյանքումը արդարության ու խղճի ձայն չէր լսած, ինչ որ բերանն եկավ, դուրս թողեց և տասը քսան բռի արջերի խրախույս տալով՝ ուղարկեց Արզումանի դեմ։ Րոպե չանցած, տեղ հասան, ըստ որում չէին քայլում, այլ վազում էին, կարծես առջեները փախչող կար, պիտի բռնեին։

— Հո՜... ո՜․․․ հո՜։ Ո՛տն արեք տղեք,— գոչեց իր սովորական ձայնով մաճկալը։— Ա՛րզուման, էս արջերը մեզ վրա են գալիս, գլխիդ ճարը տե՛ս։ Արի դուս գցենք գութանը, ասենք ա՛խպեր, ձեզ ըլի՝ չենք ուզում, թաք ըլի արուն չանենք ըստեղ։

— Հետո՞, էլ էս փափախը գլխիս հարամ չի ըլի՞։ Էլ ի՞նչ երեսով պիտի մտնեմ գեղը, որ մի քանի թազի թուլա ինձ պետք է վախեցնեն։ Տուր ինձ էդ սրբիչը,— ասաց Արզումանը բարկանալով և մաճկալի ձեռքից առնելով սրբիչը, որ մի հաստ դագանակ է ծայրը ակջաձև (չանգաձև) երկաթ հագցրած։ Մի կատաղություն եկավ քաջ երիտասարդի վրա, ջանն սկսավ դողդողալ կպչող փահլևանի պես և այնպես էր զգում