Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/213

Այս էջը հաստատված է

Խեղճ պառավը գութանավորի համար առավոտյան կերակուրը բերելիս ճանապարհին տեսավ, որ շատ մարդիկ են վազում դեպի իրենց գութանը, սկսեց կասկածել թե էս ի՞նչ է պատահել արդյոք, չլինի՞ իր երեխայի գլխին մի վատ բան է եկել։

Պառավ Շողակաթը մի տարօրինակ կասկածոտ բնավորություն ուներ։ Ամեն մի անակնկալ փորձանք պատահած ժամանակ միշտ իր Արզումանին էր միտը բերում, թե նա էլ էնտեղ չէ՞ր արդյոք, չլինի՞՛ նրան էլ մի բան է պատահել։ Երբ որ լսում է, թե այսինչ գյուղում մարդ են սպանել, այնինչ տեղը մարդ է խեղդվել, մեկը ձիուց կամ ծառից վեր է ընկել, մեկը սելի տակովն է էլել, մեկին շունը կծել է, մեկը վարազի բերանն է ընկել կամ արջի տակը և ինչևիցե այսպիսի մի բան, նա անդադար ախ ու վիշ էր անում, թե չլինի՛ իմ Արզումանն է, և այսպես վարանման մեջ էր լինում մինչև Արզումանի տուն գալը։ Եվ ի՞նչ կլիներ, որ այսպես չլիներ։

Քանի՛-քանի անգամ խեղճին բոթու էին տվել դրացի կանայք խմբովին տուն լցվելով և մեկենիմեկ իրանց ոռնոցն սկսելով, որ շատ անգամ ողջ մնացողին անգամ մահվան պատճառ է լինում։ Ութը որդի էր մեծացրել խեղճ պառավը, և դրանցից միայն մինն ուներ այժմ։ Մյուս յոթը եղբայրքը բոլորեքյան քսան-քսաներկու տարեկան ժամանակն էին մեռել որը նշանած, որը նշնելու, բայց բոլորն էլ փորձանքի հանդիպելով, ոչ մեկը իր բնական մահով, կամ մի որևիցե տկարությամբ չէր մեռել, ոչ մեկին մի սառը ջուր չէր տվել վերջին անգամ իր մայրական ձեռքով, ոչ մեկի գերեզմանին չէր արժանացել...

Զարմանալի բան է արդարև։ Միայն զինվորների կյանքը չէ վտանգի ենթակա պատերազմի ժամանակ։ Այն մարդոց կյանքն ևս շարունակ ենթակա է վտանգի, որոնք հանդգնություն ունին մարտ մղելու կյանքի անիրավ ու անարդար հանգամանքների դեմ։ Որքա՜ն անիրավություն և անարդարություն կա օրենքով ու ադաթով անվտանգ վիճակի մեջ դրված։ Ո՞վ կարող է դրանց ձեռք տալ և անպատիժ մնալ։ Արզումանի յոթը եղբայրներից երեքը բանտումն էին մեռել և երեքն