Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/214

Այս էջը հաստատված է

աքսորանքում, և այս՝ իրանց անվեհեր և ազնիվ սիրտ ունենալու համար միայն։

Խեղճ պառավը ճամփի մեջտեղը նստեց, որ խելքը գլուխը ժողովի և մեկ լավ իմանա, թե էս ի՞նչ բան է։ Անցուդարձ անողներից ոչ ոք նրան պատասխան չտվավ, մինչև մոտեցան մեռելների սայլերը, որոնց չորս կողմը պատած մարդոց լաց ու կոծի աղաղակը դմբդմբացնում էր մոտակա սարերն ու ձորերը։ Ծերունի մայրը որքան որ կասկածոտ էր, այսուամենայնիվ չէր կարող կարծել, որ երկու ժամու միջոցում այնպիսի մի դեպք լինի պատահած, որ իր մինուճար որդին զրկեր իրանից։ Հուղարկավորներից մինը, որ Արզումանի ազգականներիցն էր, մոտեցավ պառավին և սկսեց մի առ մի հասկացնել բանի էությունը ավելի խոհեմ կերպով, վերջումը ավելացնելով՝ որ Արզումանին չստիպի տուն գալու, ըստ որում եկածին պես կբռնվի։

— Բաս էլ չպիտի՞ տեսնեմ ես իմ որդու երեսը,— հարցրեց պառավը։

— Կտեսնես, ո՞վ է ասում, որ չես տեսնի, բայց հիմա հարկավոր չի տեսնել։ Սպասիր մութն ընկնի, էն ժամանակ...

Շողակաթ նանի խելքը գլխիցը թռավ, նա սկսեց խենթի նման զանազան ձևաշարժություններ անել, պարելու նման, և իր գիտցած երգերից մի խառնուրդ կազմելով մրմնջել և ձայնն աստիճան առ աստիճան բարձրացնելով՝ սկսեց բառաչել ու գոչել — «Արգումա՜ն, Արզումա՜ն, Արզումա՜ն»․․․ Այս անունն այնքան կրկնեց, մինչև ուժից ընկավ բոլորովին և մեկնվեց ճամփի մեջտեղը։ Մոտը եղող երիտասարդը շալակեց կիսաշունչ պառավին և տարավ տուն։


Ը

Գյուղի մեջ տուն չկար, որ կամ սպանվածների կամ վիրավորվածների ազգական չլիներ, այս պատճառով ամբողջ գյուղը սգի մեջ էր մտել։ Բըռի գեղըցիք, անսանձ կրքերի տեր։ Մի որևիցե կիրք երևացած ժամանակը մնացյալ բոլորը այնպես են անհայտանում, որ կարծես նոցա հետքն անգամ չի եղած իրանց մեջ։