Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/215

Այս էջը հաստատված է

Խելքն է, որ տիրում է մարդուս կատաղի կրքերի վրա, բայց սյդ տիրող խելքից զուրկ են գյուղացիք։ Տեսել եմ աչքովս, որ մայրը որդու առաջը չոքած, հայրը ձեռները խաչած, աղաչում են եղել իրանց որդուն, որ կռվից ետ կենա, բայց դրանով ավելի են կատաղացրել նրան։ Անասունների մեջ միայն կարելի է սրա նմանը տեսնել։ Երկու ցուլ, երկու գոմեշ, երկու շուն կռվելիս՝ հնար չի լինում անջատելու․ որքան խփում ես, այնքան ավելի են կատաղում։ Բայց՝ և անասունների նման էլ կռվից հետո չափից դուրս խեղճանում են, գայլից դառնում ոչխար, և ակամա գալիս են այն եզրակացության, որ սրանք ֆիզիկապես հսկաներ լինելով, հոգով ու մտքով կատարյալ երեխաներ են, և չար երեխաներ։

Մեր գեղացիք թեև առհասարակ կոպիտ մարդիկ են, բայց այսուամենայնիվ սոցա մեջ ևս կա սեր, բարեկամություն, հավատարմություն, մեծահոգություն և այսպիսի գովանի հատկությունք։ Միայն երկու բանի համար խաթրապահություն չկա․ այդ երկու բանն է՝ հողը և ջուրը․ սոցա համար է լինում կռիվը սաստիկ, և շատ հաճախ գործը հասնում է մարդասպանության։ Բայց առայժմ այդ խնդիրների վրա չխոսենք, որ շատ չհեռանանք մեր բուն պատմությունից։

Մի շատ տխուր կերպարանք ստացավ Դ... գյուղը․ ոչ մեկի բերնում ժպիտ չէր երևում, ոչ մեկի երեսին ծիծաղ չէր գալիս։ Մարիամն ու Հերիքնազը նույնպես մասնակից էին հասարակաց տխրությանը։ Մի կողմանե թեև ուրախ էին, որ Արզումանը հաղթող էր հանդիսացել և ոչ հաղթվող, բայց... մյուս կողմանե էլ լավ գիտենալով, որ այդպիսի հաղթության մրցանակը աքսոր է ու մահ, սաստիկ տխրում էին։

Շամիրր դեպի ոչ ոք համակրություն չէր ցույց տալիս, այլ միայն նախանձում էր, որ ինքը մասնակից չի եղել այդ կռվին, որ իրա վրա էլ խոսեին։ Նա կարծում էր, թե ինքը հաղթող կհանդիսանար և այնուհետև՝ ոչ ոք չէր համարձակիլ անհավատարմությամբ նայել իր տան վրա։ Սպանվածներից երեքը Ճաղարանց տանիցն էին։ Թեպետ սրանք քան զշուն շատ էին, քան զգել առավել, բայց այսուամենայնիվ երեք մեռել միանգամից տանը գտնվելով, քարացրել էին Թաթոսին․ և չէր իմանում որի վրա սգա, որի գլուխը լա։ Նրա խղճմտանքը