Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/216

Այս էջը հաստատված է

տանջում էր։ Նա սպանությանց մասնակիդ էր համարում ինքն իրան, ըստ որում ինքն եղավ նրանց գրգռողը, ինքն ուղարկեց նրանց։ Բայց իր անձը գերդաստանի մեջ արդարացնելու մտոք Արզումանին անիծում էր և հրամաններ էր հանում, որ նրան բռնեն անպատճառ և արդարադատության մատնեն։ Քյոխվան վաղուց արդեն այդ մասին տնօրենություն էր արել։ Մարդիկ էր ուղարկել տեղական իշխանությանը իմաց տալու, որ գան ականատես լինին գործի հանգամանքին և վաղը մյուս օրը իրեն չմեղադրեն։ Կասկած չկար, որ իշխանությունը գալուն պես պիտի բռնել տար Արզումանին։ Արզումանի բարեկամներն այդ գիտեին, նրան աղաչեցին, որ փախչի։ Այդ տեղից մոտիկ էր Խրամը, որ հազարավոր փախստական կարող էր պատսպարել։ Մինչև իր թշնամիքը բռնելու մասին կմտածեին, նա արդեն Խրամի զառիվայրից ցած էր իջել և ո՞վ կարող էր այլևս իմանալ, թե որ քարափի, կամ ո՞ր քարայրի մեջ է գտնվում։


Թ

Արզումանն իր անձի ապահովությանը համար երկյուղ չուներ ամենևին։ Նա առանց այս էլ տարվա մեծ մասը թափառելով էր անց կացնում, երբեմն որսորդությամբ և երբեմն գողերի հետ։ Որտեղ մի ընկերություն կար գողերի, նրան հայտնի էր, որտեղ մի փախստական կար, նրա ծանոթն էր։ Քանի որ այս փորձանքին չէր հանդիպել, նա փախստականների հետ ընկերություն անելիս կասկածում էր, թե մի՛գուցե սրանք իրանց ավելի քաջ են համարում, և իրան բանի տեղ չեն դնում, ըստ որում կարողացել են իշխանության ուշադրությունը գրավել և իրանց անունը հռչակել ամբողջ նահանգի մեջ։ «Ես ի՞նչ եմ արել,— ասում էր ինքն իրան,— մի քանի ձի եմ գողացել ջգրու, էն էլ հաստատը չգիտեն, որ ես եմ գողացել»։ Այսպես էր մտածում Արզումանը, և նախանձով նայում նշանավոր փախստականներին, բայց հիմա, երբ որ ճարահատյալ փախստականի տիտղոսը կամ կամա-ակամա իր վրա առավ, տեսավ, որ սա լավ բան չի, մանավանդ այն ժամանակ, երբ սիրել և սիրվել էր սկսել։ Քնած թե արթուն միշտ