Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Այս էջը հաստատված է

Հերիքնազին էր տեսնում, որ արտասվալիր աչքերով ասում էր նրան — «Էդ ի՞նչ արիր, Ա՛րզուման, նրա համա՞ր խլեցիր իմ սերը, որ ինքդ չվայելես և ուրիշներին չթույլտաս վայելելու»։

Յոթն օր կարողացավ Արզումանը հեռու մնալ գյուղից և ոչ ոքի աչքումը չերևալ։ Նա գնաց իր ծանոթ ղաչաղների մոտ, որոնց պատմելով իր գլխի անցքը, ավելի գրավեց նրանց սերն ու համարմունքը, բայց այս հանգամանքը ամենևին չմխիթարեց իր տխրած սիրտը, չկատարեց իր սրտի պահանջմունքը, չհագեցրեց իր սիրո քաղցը...

Մի գիշեր մեր փախստականներն իջան Խրամի Նախշուն անվանված ավերակ վանքում անձրևի պատճառով, և ուզում էին գիշերը այնտեղ անցկացնել։ Արզումանը ուզեց օգուտ քաղել գյուղի մոտավորությունից և գնալ իր Հերիքնազին տեսնելու։ Սրա համար հրաման ուզեց ավազակապետից։

— Դեռ վա՛ղ է, էդպես շուտ մի՛ գնալ,— պատասխանեց ավազակապետը։

— Թող փոքր-ինչ հանդարտվեն գեղըցիք, մեռելներին մոռանան, սաղերի հոգսը քաշեն, էն ժամանակը գնա՛, բան չեմ ասիլ։ Բայց հիմա Ճաղարանց Թաթոսը ո՛վ գիտե գեղի ամեն քնջումը քա՛նի պահապան է դրել քեզ համար։

— Որ իմանամ թե կտոր-կտոր կանեն, ճար չկա, պետք է գնամ,— պնդեց Արզումանը։— Էս էլ ասեմ ձեզ, որ ես մեր տունը չեմ գնալու։ Պահապաններ որ լինին, մեր տան մոտերքին կլինին։

— Լա՛վ, ինչպես ուզում ես, էնպես արա։ Թե որ կուզես մեր տղերանցից էլ մի երկու ձիավոր թող գան գեղի տակին թաք կենան, թե որ բան է, մի փորձանք պատահելու լինի, օգնության հասնեն:

— Էդ էլ չի հարկավոր, ես մենակ կերթամ, միայն ձեր ո՛ր ձին որ լավն է, էն ինձ տվեք։

— Իմ սև ձին քեզ փեշքեշ,— ասաց ավազակապետը։— Սևը լավ է, գիշերն էլ մութն է, ոչ ով չի տեսնի։ Միայն ձիով չմտնես գեղը, որ ոտի ձենը չլսվի, շուն ու մարդ չհաչի վրեդ․․․

Այս խոսակցության ժամանակ հանկարծ մի մարդ ներս մտավ և մի խումբ մարդկանց հանդիպելով՝ տեղնուտեղը մեխվեց։ Այս մարդը որքան որ ինքը վախեցավ, նույնքան էլ մեր