Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/218

Այս էջը հաստատված է

քաջերին վախացրեց, որոնք իսկույն հրացանները ձեռք առան և ոտքի կանգնելով գոչեցին՝

— Թարփա՛նմա, վուրդըխ (չշարժվիս, խփեցինք)։

Նորեկը ութ-ինը հրացանների խողովակների պսպղալը իր դիմաց տեսնելով, քիչ մնաց պիտի համրանար, բայց մեկ էլ խելքը գլուխը ժողովելով հասկացրեց, թե ինքը մի որսորդ մարդ է և բոլորովին անգիտությամբ մտավ այստեղ։ Սրա ձայնից Արզումանը ճանաչեց, որ Շամիրն է։ Ավազակապետին հասկացրեց, որ Շամիրին դուրս չթողնեն մինչև առավոտ։ Բավականին մութն էր, և անհնարին էր կերպարանքից ճանաչելը։ Շամիրին հրավիրեցին նստել, և ասացին իրան, որ չեն կարող թողնել մինչև առավոտ, ըստ որում չեն կարող հավատալ նրան, որպես անծանոթ մարդու։ Շամիրը ասաց, որ ինքը ևս միտք չունի մինչև առավոտ երթալու և ավելացրեց, թե ես մի քարեծ եմ սպանել և բավականին միս ունեմ պարկիս մեջ, եթե կամենաք կրակ վառեցեք, խորոված անենք։

Շամիրի փորը ավելի նրա համար էր ցավում, որ այս մարդոց երեսը լուսով տեսնի, և խիստ փափագում էր Արզումանին սրանց մեջ տեսնել, որ մյուս օրը երթա գյուղումը պարծենա, թե ինչպես ինքը մի գիշեր կարողացել է ավազակների հետ անցկացնել և նրանց մեջ տեսնել Արզումանին։

Ավազակները հրամայեցին Շամիրի առաջարկությունը կատարել, նրանք առանց այն էլ, մտադիր էին կրակ վառելու, ըստ որում բավականին թրջվել էին, հարկավոր էր իրանց շորերը ցամաքացնել։ Բայց Շամիրը իր նպատակին չհասավ։ Արզումանն արդեն գնացել էր և այնպես գնաց, որ Շամիրն ամենևին չիմացավ, որ նրանց միջից մի մարդ պակասեց։

Ասած է, «գողն ի՞նչ կուզի — մութը գիշեր», բայց մեր Արզումանին որ հարցնեիր այս րոպեիս, թե ի՞նչ կուզես, կասեր— Շամիրի բանտարկվելը։ Մութը գիշերովը նա այնքան չէր ուրախ, որքան այդ հաջող դեպքովը։ Նա յոթ օր սպասել էր միմիայն Շամիրի երկյուղից, թե ինչպես գնա Հերիքնազի մոտ և շատ մտածելուց այս միակ հնարքը գտավ միայն, որ երթա ուղղակի Շամիրի մոտ և նրա պաշտպանությունը խնդրի գյուղ մտած ժամանակը, որով և միշտ միջոց կունենա իր Հերիքնազին տեսնելու։ Բայց հիմի բանն այնպես եղավ, որ իր