Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/219

Այս էջը հաստատված է

առաջվա մտադրությունն ուրիշ օրվան թողնելով՝ լավ համարեց օգուտ քաղել բարեպատեհ դիպվածքից։

Քանի որ այս փորձանքին չէր հանդիպել Արզումանը, մտքումը դրել էր Շամիրին մոտենալ և նրա հետ քանի մի օր որսորդության երթալով բարեկամանալ ու խնդրել նրանից Հերիքնազի ձեռքը. բայց հիմա, երբ հանգամանքը ուրիշ կերպարանք ստացավ, էլ ի՞նչ առաջարկություն կարող էր անել։

Մարիամը նույնպես հուսով էր, որ մոտ օրերս նշանդրություն կլինի և ինքն էլ ազատված կլինի իր ամուսնու անտեղի կասկածներից. բայց հիմա կարո՞ղ էր ասել միթե, որ երբևիցե ունեցել է այդ մտադրությունը և մինչև անգամ պատիվ է ունեցել մի անգամ էլ գիշեր ժամանակ հյուրընկալել Արզումանին։ Մի կողմանե ուրախ էր Մարիամը, թե լավ է, որ նշանված կամ պսակված ժամանակ չհանդիպեց այդ փորձանքը. ուրեմն հիմա կարելի է ուրիշ փեսա գտնել Հերիքնազի համար, բայց մյուս կողմանե իր սերը այնքան շատ էր դեպի Արզումանը, որ լավ էր համարում նա անունով միայն փեսա համարվի, քան թե մի ուրիշը ստուգապես, Հերիքնազն էլ այս համոզումն ուներ։ Նա Արզումանին պատահած գիշերից սկսյալ, ձեռները ստեպ-ստեպ շրթունքներին էր մոտեցնում, կարծելով, որ միայն իրան է զգալի, թե որքան քաղցր են սիրականի շրթունքների դիպած տեղերը։ Նա համբուրում էր իր ձեռները, համբուրում էր նրա բերած խնձորները և այնպես անարատ պահպանում։ Չէր ուզում ուտել, որ իր սիրականի հիշատակը աչքիցը չհեռանա։


Ժ

Երկու քույրերը դարձյալ գգվել էին միմյանց այն միևնույն սրահի անկողնումը, որի մեջ պատահել էր առաջին անգամ Արզումանը։

Երկուսն էլ իբր թե քնած էին, բայց ոչ մեկի քունը չէր տանում։

— Հերիքնա՞զ։

— Հը՛։

— Ա՛խչի, չես քնե՞լ։